Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը կարող է երկարաձգվել 3 ամսով։ Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ այսօր մեկնարկած դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազը միջնորդություն ներկայացրեց երկարաձգել կալանքի ժամկետը, քանի որ ըստ դատախազության՝ ավելի վաղ կիրառված խափանման միջոց կալանքի հիմքերը շարունակվում են պահպանվել։
Դատախազի խոսքով՝ բարձր է ռիսկը, որ Վարդան Ղուկասյանն ազատության մեջ մնալու դեպքում կկատարի նոր հանցանք, ինչպես նաև հաշվի առնելով զբաղեցրած բարձր պաշտոններն ու ունեցած դիրքը, հեղինակությունը կարող է անօրինական ազդեցություն ունենալ վկաների և գործով անցնող այլ անձանց վրա։
Պաշտպանական կողմն էլ միջնորդություններ է ներկայացրել Վարդան Ղուկասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու, ոչ իրավաչափ, առողջական վիճակի հետ ոչ համատեղելի ճանաչելու վերաբերյալ։
«Այս ամենը քաղաքական պատվեր է»,- իր խոսքում ասաց Վարդան Ղուկասյանը։
Պաշտպան Զարուհի Փոստանջյանն իր խոսքում շարունակեց վստահորդի պնդումը՝ Վարդան Ղուկասյանի նկատմամբ մեկնարկած իրավական գործընթացների համար քաղաքական պատվեր կա։
Նշենք, որ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության 3 պատգամավորներ` Մհեր Մելքոնյանը, Գառնիկ Դանիելյանն ու Գեղամ Մանուկյանը, երաշխավորություն են ներկայացրել Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքն այլընտրանքային խափանման միջոցով փոխելու համար։
Երաշխավորներին միացավ նաև դերասան Լևոն Հարությունյանը։
Քանի որ պաշտպանական կողմը քննարկման առարկա է դարձրել Ղուկասյանի առողջական վիճակի անհամատեղելիությունը կալանքի հետ, դատական նիստը կշարունակվի դռնփակ ռեժիմով։
Sputnik Արմենիա
