Ղազախստանը ASPAN ազգային նախագծի շրջանակներում նախատեսում է կառուցել և գործարկել հրետանային արկերի և ականների արտադրության չորս նոր գործարան, որոնք կհամապատասխանեն ՆԱՏՕ-ի ստանդարտներին։ Նախագծի ընդհանուր արժեքը կկազմի մոտ 1 միլիարդ դոլար, գրում է RTVI-ն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ այժմ կառուցվում է առաջին գործարանը՝ ASPAN-1-ը, որը կսկսի գործել 2027 թվականին և կարտադրի արկերի ու ականների կորպուսներ։ Մյուս երեք ձեռնարկությունների գործարկման ժամկետները դեռևս նշված չեն։
«Ղազախստանը երկար ժամանակ սեփական արտադրություն չի ունեցել ոչ միայն հրետանային արկերի և ականների, այլև հրաձգային զենքի փամփուշտների մասով։ Հետևաբար, մեր բանակի մարտունակությունը կրիտիկական կերպով կախված է Ղազախստանի տարածքում դեռևս խորհրդային ժամանակներից մնացած պահեստներից և Ռուսաստանից ու նախկին խորհրդային հանրապետություններից մատակարարումներից»,- RTVI-ին հայտնել է ղազախ բարձրաստիճան զինվորականը։ Նա նշել է, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում երկրի համար «չափազանց կարևոր» է արկերի սեփական արտադրություն ունենալը։
Ռազմական գործարանների շինարարությամբ զբաղվում է ղազախական Great Sky ընկերությունը։ Կազմակերպության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Անդրեյ Տիխոնենկոն հայտարարել է, որ նախագիծը մեծ հեռանկար ունի, քանի որ «զինամթերքի արտադրության համար անհրաժեշտ ողջ հումքային բազան՝ մետաղը, բամբակը, թթուները և այլ նյութեր, գտնվում են Ղազախստանում»։ Նշվում է, որ ASPAN նախագծի շրջանակներում գործարանները, բացի ՆԱՏՕ-ի ստանդարտների արկերից, կարտադրեն նաև ռուսական նմուշի՝ 82 մմ, 120 մմ, 122 մմ և 152 մմ տրամաչափի հրետանային զինամթերք։
Ղազախական լրատվամիջոցների տվյալներով՝ հանրապետության պաշտպանության նախարարությունն ակնկալում է, որ կառուցվող գործարանները թույլ կտան ոչ միայն բավարարել ներքին կարիքները, այլև արտահանում կազմակերպել։ Միևնույն ժամանակ, RTVI-ի աղբյուրի փոխանցմամբ՝ արտահանման մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ Ուկրաինան Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման պահից ի վեր երկրում ռազմատեխնիկական նշանակության արտադրանքի արտասահմանյան վաճառքի ամբողջական արգելք է գործում։ «Սակայն հեռանկարում դա հնարավոր տարբերակ է՝ հաշվի առնելով, որ հետխորհրդային տարածքի մի շարք երկրներ ակտիվորեն գնում են արևմտյան նմուշի տեխնիկա», — նշել է հեռուստաալիքի զրուցակիցը։
Միևնույն ժամանակ նա հավաստիացրել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Ղազախստանի խոշորագույն ռազմատեխնիկական գործընկերն ու զենքի մատակարարը, սակայն երկիրը ռազմատեխնիկական համագործակցության այլ ծրագրեր է իրականացնում և դրանց մասնաբաժինն աստիճանաբար աճում է։
2023 թվականին, Ուկրաինայում պատերազմի ֆոնին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը խնդիր է դրել իրականացնել ռազմական տեխնիկայի և զինամթերքի արտադրության առավելագույն տեղայնացում։ «Զրահատեխնիկա, անօդաչու թռչող սարքեր, ժամանակակից հրաձգային զենք՝ այս ամենը մենք կարող ենք և պետք է թողարկենք մեզ մոտ՝ մեր երկրում», – նշել է Տոկաևը։
News.am
