Логотип

Զոհվածների և անհետ կորածների ծնողները 44-օրյա պատերազմի զեկույցին ծանոթանալու պահանջով ստորագրահավաք են սկսել

2020 թվականի պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողները ստարգրահավաք են սկսել, որով Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանից պահանջելու են թույլ տալ իրենց ծանոթանալ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցին, Armenia Today-ին հայտնել է զոհված զինծառայող Ժիրայր Մարգարյանի մայրը՝ Նաիրա Մարգարյանը։

Նա տեղեկացրել է, որ ստորագրահավաքը նախաձեռնել է 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը՝ «Լույսի ճրագ» ՀԿ ղեկավար Արսեն Ղուկասյանը։ Ստորագրահավաքն իրականացնում են Ազգային ժողովի շենքի մոտ։

«Պետք է հանրությանն ամեն ինչ հայտնի լինի, թե ինչ պատճառներով 5000 զոհ տվեցինք։ Ես պետք է իմանամ, թե ինչու են 18 տարեկան՝ 2 ամսվա զինծառայող տղայիս տարել առաջնագիծ՝ կռվելու 7 երկրի դեմ։ Պետք է պատասխան տան»,- ասել է Մարգարյանը։

Ավելի ուշ Ղուկասյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ ծնողներն այսօր գնացել են խորհրդարան և ստորագրահավաք են իրականացնում։ Նա նշել է, որ դիմումը բաց է միանալու նաև խնդրով մտահոգ բոլոր քաղաքացիների համար, ովքեր կարող են ստորագրել։

Նա հայտնել է, որ ԱԺ-ի մոտ ստորագրահավաքն իրականացվելու է 2 օր, որից հետո կամփոփեն արդյունքներն ու կուղարկեն ԱԺ նախագահին։

2024 թվականի սեպտեմբերին հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ եզրակացությունը պատրաստ է։ Նա նշել էր, որ զեկույցում ներկայացված հայկական կողմի պարտության պատճառները տարասեռ են և բազմաշերտ: Հաշվետվությունն ԱԺ նախագահին ուղարկվել էր միայն մեկ տարի անց՝ 2025-ի սեպտեմբերին, թեև հանձնաժողովի լիազորություններն ավարտվել էին 2023-ին։

Հոկտեմբերի 1-ին Սիմոնյանը հատարարել էր, որ ժամկետները խախտելու հիմնավորմամբ զեկույցն ԱԺ լիագումար նիստերում ներառելու իրավական հիմքեր չկան։ Հոկտեմբերի 6-ին խորհրդարանից Armenia Today-ին տեղեկացրել էին, որ զեկույցն ԱԺ արխիվ ուղարկելու որոշում է կայացվել։