Логотип

ՀԱՅԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋՎԱ ՊԵՍ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՀԱՄԱՐՎՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ. ՆԻԿՈԼԻ «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ» ՈՒ ԱԼԻԵՎԻ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԸ

Որքան ավելի երեսպաշտ են դառնում ամենատարբեր քաղաքական գործիչների հայտարարությունները Բաքվի ու Երևանի միջև «խաղաղության գործընթացին» ջերմագին աջակցության մասին, որքան ավելի ցինիկորեն են ճգնում ապացուցել Փաշինյանի համախոհները, թե իբր՝ խաղաղությունն արդեն եկել է, այնքան ավելի չարագուշակ են դառնում ազդանշանները ալիևյան ռեժիմի իրական մտադրությունների մասին։

ՄԻԱՅՆ ՎԵՐՋԻՆ ՄԻ ՔԱՆԻ ՕՐԵՐԻՆ ՀՆՉԵԼ ԵՆ ՄԻԱՆԳԱՄԻՑ ԵՐԿՈՒ ԱՅԴՊԻՍԻ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ, և երկուսն էլ՝ շատ խոսուն և ընդգծված ցուցադրական։ Առաջինը «ռամիլսաֆարովական» գործոնի հրապարակային ակտիվացումն է, երկրորդը՝ հաղորդագրությունը Բաքվում նախապատրաստվող զանգվածային համաներման մասին, որը կվերաբերի 2020 թվականին Արցախի դեմ 44–օրյա ռազմական ագրեսիայի և 2023 թվականի սեպտեմբերին ԼՂՀ-ի վրա հարձակման մասնակից բոլոր բանտարկյալներին։

«ԳԱ»-ն բազմիցս գրել է այն մասին, որ 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպայի հրեշավոր սպանությունը դարձավ իշխանության եկած Իլհամ Ալիևի առաջին արյունալի «ծրագիրը»: Ինչպես պարզվեց, այն մտածված էր որպես «երկարաժամկետ», չսահմանափակվելով միայն գիշերով քնած հայի սպանության մեկ «գործողությամբ»՝ հատուկ դրա համար գնված կացնով, այլ պետք է կրեր մաքառող հայատյացության այն դարաշրջանի դիվական սիմվոլիկան, որը հիրավի վիթխարի մասշտաբներ ստացավ Ալիև կրտսերի կառավարման տարիներին։

Իսկ Հունգարիայի օրենքներով ամենախիստ պատժի դատապարտված Սաֆարովին 2012թ. փրկագնով ազատելը թելադրված էր բնավ ոչ բռնապետի հոգատարությամբ կոնկրետ հանցագործի նկատմամբ. մարդասպանը պետք է շարունակեր կատարել իր զազրելի դերը արդեն պատմական նոր իրողություններում։

Պատահական չէ, որ թուրքասեր Օրբանի հետ սկանդալային գործարքին հաջորդած բոլոր տարիներին հանցագործի անունն առանձնապես չէր շոշափվում հանրային դաշտում, նրան առժամանակ պահում էին «կուլիսներում»։ Եվ հիմա, դատելով ամենից, ժամանակն է կրկին ասպարեզ հանել նրան՝ որպես այն «կացնի» խորհրդանիշ, որը Բաքվի մտահղացմամբ կախվել է բոլոր հայերի գլխավերևում։ Այլ կերպ անհնար է գնահատել այն փաստը, որ Սաֆարովին ոչ միայն գնդապետի զինվորական կոչում շնորհեցին, այլև պաշտոնով պարգևատրեցին նրա կնոջը. Վերջինս նշանակվել է «Կրթություն Ադրբեջանում» նախագծի տնօրեն:

 Փաշինյանի կենակցուհու անփառունակ փակված «Կրթությունը նորաձև է» «նախագծի» հետ բոլոր զուգահեռները թողնենք ընթերցողի գնահատականին։

ՄԻՆՉԴԵՌ ՄԻ ՔԱՆԻ ԱՄԻՍ ԱՌԱՋ՝ ՀՈՒՆԻՍԻՆ, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նիստում հերթական անգամ արձանագրվեց հենց Բուդապեշտում տեղի ունեցած սպանությանը վերաբերող «Մակուչյանն ու Մինասյանը ընդդեմ Ադրբեջանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի չկատարումն Ադրբեջանի կողմից:

Հիշեցնեմ, որ 2020 թվականի մայիսին ՄԻԵԴ-ը վճիռ կայացրեց, որով արձանագրեց, որ Ադրբեջանը տապալել է ազգային ատելության հողի վրա կատարված սպանության համար պատժի ապահովումը՝ ներում շնորհելով և խրախուսելով հանցագործին։ Ըստ դատավճռի՝ անկարելի է արդարացնել ազատազրկման դատավճռի չկատարումը: «Դատարանն առանձնակի ցնցված է այն փաստից, որ ի լրումն Ադրբեջան վերադառնալուց հետո Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու, նրան տրվել են մի շարք արտոնություններ, ինչպիսիք են փոխհատուցումը բանտում անցկացրած ժամանակի համար, Բաքվում բնակարանի տրամադրումը և զինվորական կոչման բարձրացումը»,- ասվում էր որոշման մեջ:

ՄԻԵԴ-ն արձանագրել էր, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված պարտավորությունները և պարտավորեցրել էր Բաքվին իրականացնել մի շարք գործողություններ: Այդ պահանջներից ոչ մեկը չի կատարվել առ այսօր: Սաֆարովին ոչ միայն չվերադարձրեցին բանտ՝ ցմահ բանտարկության հետագա պատիժը կրելու, այլև շարունակում են խրախուսել. գնդապետի զինվորական կոչում շնորհելը այդօրինակ հերթական քայլն էր:

Բացի այդ, Ալիևը ցույց է տալիս իր վերաբերմունքը Եվրոպական դատարանի վճռի և առհասարակ հեղինակավոր միջազգային ինստիտուտների նկատմամբ, հասկացնել տալով, որ թքած ունի նրանց բոլոր որոշումների վրա։ Եվ ինչո՞ւ պիտի, մի հարցնող լինի, այլ կերպ լիներ, եթե Եվրամիության ղեկավարությունը բացահայտ աջակցում է Արցախում Ադրբեջանի իրականացրած բոլոր հանցագործություններին, ծպտուն անգամ չհանելով միջազգային իրավունքի աղաղակող խախտումների և «համամարդկային արժեքների» մասին։ Ընդհակառակը, համերաշխ գովաբանում է Ալիևին Հայաստանի հետ «խաղաղության ձգտման» համար։

Իսկ ինչ վերաբերում է Արցախի և Հայաստանի դեմ ագրեսիվ պատերազմների մասնակիցներին Ալիևի շնորհելիք համաներմանը, ապա դժվար է չնկատել, որ այդ ծրագրերը լավագույնս լրացնում են «սաֆարովականության» գործոնը։ Ե՛վ այս, և՛ մյուս դեպքում խոսքը հայ ժողովրդի դեմ բազմաթիվ ծանր հանցագործությունների համար պատասխանատվությունից ազատման մասին է, ինչը հայտարարվում է պետական մակարդակով ու նաև բովանդակում չարագուշակ ուղերձ:

Ո՞ՆՑ ԱՅՍՏԵՂ ՉՀԻՇԵՆՔ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԿՈՐՑՆՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ, որ Բաքվի պատվերով հնչեցրեց Սաֆարովի փաստաբանը Բուդապեշտում դատավարության ժամանակ. «Հայի սպանությունը հանցագործություն չի համարվում Ադրբեջանում»:

Այս խորապատկերին ցուցանշական է ազատագրական պատերազմների մասնակիցների նկատմամբ վերաբերմունքը, որ հետևողականորեն արմատավորում է Հայաստանում իշխանական ոհմակը, ոչ միայն մոռացության մատնելով, այլև պատրաստ առաջին իսկ հնարավորության դեպքում դատապարտել և ճաղերի հետևում փակել Հայրենիքի համար մարտնչած զինվորներին։ Ցեղասպան քաղաքականության գործում ոճրակիցներ Փաշինյանի և Ալիևի գործողությունների հակադարձ սինքրոնությունը չափազանց ակնհայտ է, իսկ մի շարք փորձագետներ նշում են, որ այդ հանցագործներին, ամենայն հավանականությամբ, ազատ են արձակում «խաղաղ գործընթացի» շրջանակներում Հայաստանում վերաբնակեցնելու համար։

Մեր կողմից հավելենք. ոչ ոք չի կարող երաշխավորել, որ նույն գործընթացը չի նախատեսում Սաֆարովի արդարացում Գուրգեն Մարգարյանի սպանության համար, ընդ որում՝ Հայաստանի իշխանությունների նախաձեռնությամբ։ Եթե կարելի է հանձնել Արցախը և պայմանավորված պատերազմում գիտակցաբար մահվան ուղարկել հազարավոր հայ տղամարդկանց, եթե կարելի է թույլ տալ 140-հազարանոց հայ բնակչության գաղթն իր բազմադարյա Հայրենիքից, եթե կարելի է հանգիստ հանդուրժել Հայաստանի Հանրապետության տարածքների բազմամյա բռնազավթումը թշնամու կողմից, եթե կարելի է աչք փակել հայկական անգին հուշարձանների ոչնչացման և յուրացման ու այլևայլի վրա, ապա դրանից բխող բոլոր հետևանքները կատարյալ մանրուք են Նիկոլի ու իր թիմի համար։