Логотип

Անհետ կորածների և գերիների հարցը չի հուզում իշխանությանը. ակցիա ՀՀ կառավարության դիմաց

Քանի դեռ Հայաստանում չեն լուծվել հումանիտար խնդիրները, հնարավոր չէ խոսել խաղաղությունից, պետականությունից ու պետությունից։ ՀՀ կառավարության դիմաց այս հայտարարությունն արեց «Համահայկական ճակատ» շարժման համակարգող Ռուզաննա Ստեփանյանը անհետ կորածների և գերիների հարազատների հետ կազմակերպված ակցիայի ժամանակ։

«Մենք երեկ հերթական ամոթը ապրեցինք, երբ Վիգեն Էուլջեքջյանի կինը դիմեց Մեհրիբան Ալիևային, ոչ թե այս շենքում նստածին։ Այսպես է եղել նաև Ցեղասպանության ժամանակ, երբ հայ մայրը խնդրել է թուրք ասկյարին, որ իր որդուն չսպանի։ Մենք հիմա նույն օրերն ենք ապրում։ Մենք հիմա պետություն ու պետականություն կորցրած ենք ապրում, որովհետև այս մարդկանց հարցը որևէ կերպ չի հուզում այս շենքում նստածին, ԱԳՆ–ին, ԱԱԾ–ին, ՔԿ–ին»,– ասաց նա։

Ստեփանյանը հիշեցրեց, որ սեպտեմբերին ԱԱԾ տնօրենը գնացել էր Բաքու, բայց ոչ մի կերպ չէր բարձրաձայնել անհետ կորածների կամ Բաքվի բանտում ամեն օր խոշտանգումների ենթարկվող մեր հայրենակիցների հարցը։

«Վերջին երկու տարիների ընթացքում հարյուրավոր նամակներ ենք ուղարկել միջազգային տարբեր կառույցներին, այդ թվում` Կարմեն Օսորնոյին (անհետ կորածների միջազգային հանձնաժողովի` Ադրբեջանում ծրագրային գործառնությունների գծով մենեջեր. խմբ.), որպեսզի հրատապության կարգով հանդիպենք իր հետ։ Պարզվում է` նա դեկտեմբերի սկզբին եկել է Հայաստան, ԱՄՆ դեսպանատնից զանգել են անհետ կորածի հարազատին, ասել են, որ տիկին Օսորմոն ուզում է հանդիպել իր հետ, բայց ինչ–ինչ պատճառներով այդ հանդիպումը չեղարկվել է»,– ասաց նա։

Ակցիայի մասնակիցներին մոտեցավ ՀՀ վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանը ու հայտնեց, որ նրանց հարցով կատարվում են քննչական գործողություններ, բայց մանրամասներ նա չի կարող հայտնել։

«Որոնողական աշխատանքներ այս պահին չեն կատարվում։ Ես չեմ կարող արդյունքի մասին խոսել, որովհետև հստակ տվյալներ չունեմ։ Այն ամենը, ինչ կատարվում է պարտադիր չէ` հրապարակային լինի, և եթե դուք արդյունք չեք տեսնում, չի նշանակում, որ արդյունք չկա»,– ասաց նա։

Այնուհետև ակցիայի մասնակիցները երթով գնացին ՄԱԿ–ի գրասենյակ ու նամակ հանձնեցին` պահանջելով շուտափույթ լուծել անհետ կորածների և գերիների հարցը։

Sputnik Արմենիա