Логотип

Մարուքյան․ ՀՀ կառավարությունը և ՔՊ-ն սկսել են ֆինանսավորել Ադրբեջանի բանակը

Գաղտնիք չէ, որ ադրբեջանական զինված ուժերն այս պահին օկուպացված են պահում Հայաստանի Հանրապետության տարածքները։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Գաղտնիք չէ նաև, որ Ադրբեջանի զինված ուժերը ֆինանսավորվում են Ադրբեջանի պետական բյուջեից։ Իսկ Հայաստանը սկսել է վառելանյութ գնել Ադրբեջանից, ինչով ուղղակիորեն ֆինանսավորում է Ադրբեջանի զինված ուժերին, որոնք օկուպացված են պահում Հայաստանի ինքնիշխան տարածքները։

Սակայն, ըստ Ռուբինյանի, «Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտության ռեժիմից տեղափոխվում են տնտեսական համագործակցության ռեժիմ»։

Ռուբեն, իրականում դու և քո թիմակիցները հովանավորում եք ռազմական հանցագործ թշնամու բանակը։

Այն թշնամու, որը պատանդառել ու ցուցադրաբար կեղծ դատավարություններ է իրականացնում հայ մարդկանց նկատմամբ՝ նրանց ազգային և կրոնական պատկանելիության համար, ինչպես նաև օկուպացված է պահում ՀՀ տարածքները։

Վստահաբար պնդում եմ, որ ՀՀ կառավարությունը և ՔՊ կառավարող թիմը ՀՀ քաղաքացու անունից և հաշվին սկսել են ֆինանսավորել Հայաստանն օկուպացված պահող թշնամու՝ Ադրբեջանի բանակը»։

News.am