Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նորացման Փաշինյանի «ճանապարհային քարտեզը» անցնող քաղաքական տարվա եզրափակիչ շոուն է։ Նպատակը նույնն է. զանգվածային հիմարացում՝ հասցված աբսուրդի աստիճանի իր բարձրակետին։ Բանն այն է, որ այդ «քարտեզը» նախատեսված է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հոգևոր աստիճանից հրաժարմանը հաջորդելիք ժամանակաշրջանի համար. Վեհափառին Փաշինյանը սովորության համաձայն կոչում է Կտրիճ Ներսիսյան աշխարհիկ անունով։ Չենք թվարկի այդ զառանցալից փաստաթղթի, ինչպեսև «Կանոնագրքի» բոլոր կետերը, որոնք հանրային տիրույթում արդեն թվարկել է Փաշինյանը։ Փաստն ակներև է. Կաթողիկոսն ընտրվում է ցմահ, Գարեգին Բ-ն իր տեղում է, և նրա լիազորությունները որևէ կերպ պայմանավորված չեն Փաշինյանի հղումներով Արդարադատության նախարարությունում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 2011թ. գրանցման փաստաթղթերին, 2009-2014թթ. փաստաթղթերին և «Կանոնագրքի» ստեղծման աշխատանքներին…
ՀՀՇ–Ի ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ Ի ՎԵՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԵԼ Է ՏԱՍՆՅԱԿ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՆԵՐ»՝ նախատեսված իշխանության տապալմանը հաջորդելիք ժամանակահատվածի համար, դրանք բոլորը մնացել են թղթի վրա, քանզի «ճանապարհային քարտեզներով» անհնար է որևէ մեկին զրկել իշխանությունից, այդ թվում՝ հոգևոր իշխանությունից։ Փաշինյանի «ճանապարհային քարտեզը» քաղաքական մակուլատուրայի տիպիկ օրինակ է։ Եկեղեցու և Կաթողիկոսի դեմ խաչակրաց արշավանքի չոր մնացորդում՝ 10 արքեպիսկոպոս Հուդաներ, 4 արքեպիսկոպոսներ քաղաքական բանտարկյալի կարգավիճակով և ողջ ժողովրդին հայտարարված պատերազմ: «Նա, ով պատերազմ է հայտարարել Եկեղեցուն, պատերազմ է հայտարարել ամբողջ ժողովրդին։ Սա աննախադեպ երևույթ է մեր պատմության մեջ։ Այս պատերազմում ես ոչ մի գաղափար չեմ տեսնում, միայն անձնական շահագրգռվածություն»,- հայտարարեց պատմաբան Խաչատուր Ստեփանյանը։
Այդ պատերազմի յուրաքանչյուր դրվագն ավելի ու ավելի է համոզում ժողովրդին, որ Փաշինյանը հատել է բոլոր կարմիր գծերը։ Մարդիկ հասկանում են, որ արքեպիսկոպոսների ձերբակալությունների հետևում զուտ քաղաքական պատճառներ են թաքնված։ Հայտնի է, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը 2 տարվա ազատազրկման դատապարտվեց 2023 թվականին արտաբերած խոսքերի համար: Դրանից անմիջապես հետո հասարակական գործիչ Դանիել Իոաննիսյանը դիմել էր դատախազություն, որպեսզի վերջինս գործ հարուցի արքեպիսկոպոսի դեմ, սակայն դատախազությունը Աջապահյանի խոսքերի մեջ հանցակազմ չէր տեսել: Գրեթե 3 տարի անց այդ հանցակազմը հանկարծ «հայտնվեց»։ «Ես իշխանություն զավթելու կոչ չեմ արել, ես հեղաշրջման կոչ եմ արել, դա զավթման կոչ չէ։ Ես ուժային կառույցներին ասել եմ, որ փրկեն երկիրն այդ խելագարից»,- հայտարարեց արքեպիսկոպոսը։ 3 տարի անց նրա խոսքերում «հանցակազմ» գտան և դատապարտեցին 2 տարվա ազատազրկման։
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին մեղադրանք է ներկայացվել 7 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, երբ 2018թ. ապրիլին «սիրո և համերաշխության հեղափոխություն» կարգախոսով իշխանության հակասահմանադրական զավթումից հետո սկսվեց «Նոր Հայաստան՝ նոր Կաթողիկոս» շարժումը։ Արքեպիսկոպոսին մեղադրում են նրանում, թե իբր 7 տարի առաջ նա մարիխուանայի փաթեթ է գցել շարժման ակտիվիստներից մեկի գրպանը։ Հարց. ի՞նչու նրան պատասխանատվության չենթարկեցին այն ժամանակ՝ 7 տարի առաջ: Արքեպիսկոպոսի փաստաբան Արսեն Բաբայանը հավաստում է, որ իր պաշտպանյալի դեմ ուղիղ ցուցմունքներ չկան, բայց այդ «մանրուքները» ոչ մեկին չեն հետաքրքրում: Այսօր Հայաստանում քաղաքական պատվերի առկայության դեպքում ցանկացածին կարելի է հետին թվով մեղադրել հանցավոր արարքների մեջ, իսկ «վկաներ» գտնելը, որոնք պատրաստ են սուտ ցուցմունքներ տալ նրա դեմ, ում վերաբերյալ պատվեր է իջեցված, առավել քան հեշտ է։
Մարդիկ տեսնում են, թե ինչպես են Փաշինյանն ու իր շրջապատը կաշվից դուրս գալիս, որպեսզի ցեխ շպրտեն նրանց վրա, ովքեր հրաժարվում են պարել իրենց դուդուկի տակ։ Մարդիկ ամեն օր ականատես են արդարադատության նենգափոխմանը քաղաքական պատվերներով։ Ամբողջ գյուղը ոտքի էր կանգնել՝ բողոքելով, որ իրենց հայրենակիցը՝ որսորդ միության փորձառու անդամը, որը գնդակահարել է 2 ամուսնական զույգի, չի դատապարտվել ազատազրկման: Համեմատության համար նշենք, որ նրանք, ովքեր աջակցել են Կաթողիկոսին, ճաղերի հետևում են, թեև չեն կատարել իրենց մեղսագրվող հանցավոր արարքները՝ սկսած ահաբեկչական գործողությունների նախապատրաստումից մինչև իշխանության զավթման կոչեր։ Ամբողջ գյուղը ոտքի ելավ՝ համոզելու իշխանության ղեկին գտնվող մարդկանց, որ 4 հոգու մարդասպանը մեղսունակ է, և այդ սպանությունները կատարել է գիտակցաբար՝ վրեժ լուծելով: Նրանք վախենում են, որ եթե ոչ այսօր, ապա վաղը նա կվերադառնա հարկադիր բուժումից հետո և կշարունակի սպանել:
Մարդիկ տեսնում են, որ 29-ամյա կինը, որը հարբած նստել է ղեկին՝ չունենալով վարորդական իրավունք, և որը մեղավոր է ճանաչվել մարդու մահվան պատճառ դարձած վթարի համար, գլուխը պրծացրեց տնային կալանքով, իսկ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ արքեպիսկոպոս Պռոշյանը հետին թվով հայտնվեց ճաղերի հետևում։ Նրան մեղադրեցին, թե իբր՝ հարկադրել է քահանաներին քվեարկել ընդդիմության օգտին և մասնակցել բողոքի ակցիաներին։ Մարդիկ հասկանում են, որ Պռոշյանը կալանավորված է լոկ այն պատճառով, որ նա Գարեգին Բ Կաթողիկոսի քրոջ որդին է։ Օրերս արքեպիսկոպոսի կալանքը երկարաձգեցին ևս 2 ամսով։ Փաշինյանը փորձում է այդ կերպ ազդել Կաթողիկոսի վրա։
Նույնիսկ եթե 10 արքեպիսկոպոս Հուդաներին ավելանան ևս նույնքան, ժողովուրդը չի դադարի հասկանալ, որ Փաշինյանը սկզբունքի է ընկել՝ ցանկանալով Եկեղեցու հանդեպ կրկնել այն, ինչն իրեն հաջողվեց անել ՍԴ-ի, Բարձրագույն դատական խորհրդի, ԶՈՒ ԳՇ-ի, այլ ուժային կառույցների հետ։
Կաթողիկոսն ավելի ուժեղ գտնվեց, քան ԳՇ 40 գեներալներն ու 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը, որոնք 2021 թվականի փետրվարի 25-ին հանդես եկան Փաշինյանի հրաժարականի պահանջով, իսկ հետո նահանջեցին նրա առջև։ Փետրվարին նրանք հետ կանգնեցին իրենց պահանջից, իսկ մայիսին ադրբեջանցի զավթիչներն արդեն բնակռել էին Սյունիքում Սև լճի և Իշխանասարի մոտ։ Կաթողիկոսը նահանջելու տեղ չունի, նրա թիկունքում ժողովուրդն է, Հավատքն ու Եկեղեցին։
