Երեկ մոտավորապես 19:00-ի սահմաններում Տեր Վրթանեսը «սրտամկանի սուր ինֆարկտ կարդիոգեն շոկ» ախտորոշմամբ տեղափոխվել է «Մաստերմեդ» բժշկական կենտրոն, պացիենտի հետ կապված կատարվել է ինտենսիվ թերապիայի միջամտություններ, համապատասխան կորոնարոգրաֆիա, որից հետո բժշկական ցուցումով կատարվել է միջամտություն՝ պատվերի շրջանակներում հիվանդը ստենտավորվել է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց «Մաստերմեդ» ԲԿ տնօրեն Վիկտորյա Պողոսյանը։
Հարցին՝ քանի՞ ստենտ է դրվել, նա պատասխանեց. «Ավելի ուշ հիվանդը ինքը կարող է այդ մասին ինֆորմացիա հստակեցնել, որովհետև մենք իրավասու չենք, պետք է ունենանք անպայման հիվանդի լիազորությունը իր առողջական վիճակի մասին որևիցե բացահայտում անելուց առաջ։
Հիվանդը ներկա պահին գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, այս պահին վիճակը գնահատվում է կայուն։ Կարծում ենք, որ բավարար ելքով լավ վիճակում դուրս կգրվի հիվանդանոցից։ Այս պահին այլ միջամտությունների կարիք չկա։
Հիվանդը գիտակցության է, դեռ նրա մոտ տեսակցություն չկա, քանի որ ինտենսիվ թերապիայի բաժնում է, երբ կլինի հիվանդասենյակում,, բնականաբար տեսակցություն իհարկե թույլատրվում է ըստ ժամերի։
Բժշկական թիմի կողմից հնարավոր ամեն ինչ իրականացվել է շատ արագ, հիվանդը մեզ մոտ տեղափոխվել էր շտապօգնության մեքենայով։ Կարծում ենք, որ առողջ դուրս կգրենք հիվանդանոցից»,–ասաց նա։
Խոսելով ինֆարկտի պատճառների մասին, Վիկտորյա Պողոսյանն ասաց. «Նախնական վարկած չի կարող լինել, քանի որ չենք կարող ասել, որ սա–սա պիտի լինի, նոր սրտամկանի ինֆարկտ լինի։ Միգուցե տարիների ընթացքում ունեցել է խնդիրներ, որոնք կարող էին անդրադառնալ այս պահին սուր վիճակով հիվանդին բերելու համար, այսինքն այնտեղ բնականաբար եղել են փակ անոթներ»։
Հիշեցնենք, որ երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որտեղ լարված իրավիճակ էր, վատացել էր Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը, նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց և սիրտը ստենտավորել են։
