Մի խումբ քաղաքացիներ, որոնք կիբերխարդախության զոհ են դարձել, այսօր՝ դեկտեմբերի 19–ին, հերթական բողոքի ակցիա են իրականացնում, այս անգամ ՀՀ քննչական կոմիտեի դիմաց։
«Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ չպետք է հանցագործությունների բացահայտումը կապել քաղաքացիների ֆինանսական իրավունքների վերականգնման հետ. «Այս հանցագործությունները շատ նման են պատերազմի, փաստորեն օտարերկրյա հանցավոր կազմակերպությունների կողմից հարձակում է եղել ՀՀ քաղաքացների վրա, և վերջիններս տուժել են։ Այս դեպքում պետությունը ունի պատասխանատվություն, որը չի կանխարգելել այդ հանցագործությունները, ինչը համակարգային ձախողման հետևանք է։ Նրանք պետք է կրեն պատասխանատվություն և որպես փոխհատուցում պետք է տրամադրվեն այդ գումարները։ ՔԿ–ն հայտարարել է, որ 2025–ին գտել են 4 հանցավոր խմբերի, որոնք էլի միջազգային կազմակերպություններ են եղել ՀՀ–ում և նմանատիպ հանցագործություններ են իրականացրել Հայաստանից։ Այդ գումարները բռնագանձել են։ Նրանք հայտարարում են, որ այդ գումարները իբրև փոխանցում են պետությանը որպես վնասի փոխհատուցում, բայց չեն պատասխանում հարցին, թե որքան վնաս է կրել պետությունը։ Վնաս կրողը մենք ենք և այդ գումարները պետք է տրամադրվեն մեր քաղաքացիներին»,–ասաց նա։
Ավելի ուշ Կարագոզյանը լրագրողներին հայտնեց. «Մենք հանդիպում ունեցանք, կարճ քննարկում ունեցանք քննչական կոմիտեի կիբերանվտանգության վարչության պետ պարոն Գրիգորյանի հետ։ Այո, ունենք խոստումներ գումարների վերադարձի հետ կապված, սակայն չունենք հստակ ժամկետներ։ Եվ մենք այստեղից չենք գնալու, այս պահից սկսած հայտարարում ենք նստացույց, մինչև մենք չլսենք ժամկետները։ Մինչև աշխատանքային ժամի ավարտը, հայտարարում ենք նստացույց և նստացույցերը կշարունակվեն, եթե հստակ օր և ժամկետ չնշվի»։
Նա ընդգծեց՝ իրենց գործողությունները նստացույցով չեն ավարտվի, եթե գումարի վերադարձ չլինի։ Կարագյոզյանի խոսքով` կգնան Ազգային ժողով, կառավարություն։
Իրավապաշտպանը նաև շեշտեց՝ ի թիվս այլ բողոքների, այսօր էլ հանցագործության մասին ևս 18 դիմում է ներկայացվել ՔԿ, ու դա էլ դեռ ամենը չէ, մի քանիսն էլ պետք է առաջիկայում ներկայացվեն։
Հիշեցնենք` վերջին շրջանում զեղծարարությունների զոհ դարձած քաղաքացիները բողոքում են, որ թեպետ քրեական վարույթներ են նախաձեռնված, և պարզ է, որ իրենք զեղծարարության զոհ են, բայց բանկերը պահանջում են կատարել պարտավորությունները և վճարել ձևակերպված վարկերի դիմաց։ Արդեն կան դեպքեր, որ բանկերը մարդկանցից անշարժ ու շարժական գույքը բռնագանձելու գործընթաց են սկսել, տներ են աճուրդի հանվել։
Քաղաքացիների դժգոհ են քննչական մարմինների աշխատանքից, ասում են՝ կատարվող գործողությունները դանդաղ են և ոչ արդյունավետ։
News.am
