Логотип

Ո՞վ է բենզին ներմուծել Ադրբեջանից․ նավթամթերքն արդեն Հայաստանում է

Ադրբեջանից բենզին տեղափոխող բեռնատար գնացքն արդեն Հայաստանում է։ Հանրային հեռուստաընկերությունը հայտնում է, որ բեռը պատկանում է 2 մասնավոր ընկերությունների։

Այս պահին ընկերությունների անունները դեռ չեն հրապարակվել։

22 վագոնից բաղկացած գնացքում 1218 տոննա A95 տեսակի բենզին կա, որը Ադրբեջանից Տավուշի մարզի «Այրում» կայարան է հասել Վրաստանի տարածքով։

Պարզելու համար, թե որ ընկերություններն են ներկրել ադրբեջանական բենզինը` Sputnik Արմենիան դիմեց CPS-Oil, Flash, ինչպես նաև իշխող ուժի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մամուլի ծառայություն (Սուքիասյանի ընտանիքին են պատկանում Gulf և Ran Oil բենզալցակայանները)։ Բոլորը պատասխանեցին, որ ադրբեջանական բենզինի խմբաքանակի հետ որևէ առնչություն չունեն։ Նավթամթերքի ներկրմամբ են զբաղվում նաև Max Oil-ը և Shell-ը, բայց նրանց հետ կապ հաստատել դեռ չի հաջողվել։