Логотип

Ամերիկայի ՀԱԵ Արևելյան թեմի Թեմական խորհուրդը հայ ժողովրդին զսպվածության և ազգային միասնության կոչ է անում

Ամերիկայի Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու Արևելյան թեմի առաջնորդն ու Թեմական խորհուրդը հայտարարություն են տարածել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ:

«Մենք՝ Ամերիկայի Արևելեան Թեմի Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ Առաջնորդն ու Թեմական Խորհուրդը, խորապէս մտահոգ ենք Հայաստանի մէջ տեղի ունեցող նորադարձ դէպքերով, որոնք առնչուած են պետութեան և եկեղեցւոյ միջև սրացող իրավիճակին։

Այս երկու հիմնարար հաստատութիւնները՝ հայկական սփիւռքի հետ միասին, անհրաժեշտ են մեր ազգին գոյատևման համար։

Կոչ կ՛ուղղենք զսպուածութեան և ազգային միասնութեան։ Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութիւնը և իր ժողովրդավարական գործընթացները պէտք է յարգուին, ինչպէս նաև Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ ամբողջական ինքնավարութիւնը, կանոնները և արարողակարգերը—որոնք դարերու ընթացքին եղած են մեր եկեղեցւոյ անսասան հենասիւները։

Հայ ժողովուրդին պատմութեան այս վճռորոշ պահուն—աշխարհաքաղաքական անորոշութեան մէջ և ամբողջ աշխարհի աչքին առջև—անհրաժեշտ է, որ մեր բոլոր ազգային հաստատութիւնները մնան ամուր և կարողանան կատարել իրենց կենսական դերերը։ Մեր պետութիւնը պէտք է առաջնորդէ մեր երիտասարդ ժողովրդավարութեանը՝ ապահովութեան, բարեկարգութեան և հասարակական համերաշխութեան բարդ հաւասարակշռութիւնը պահպանելով։ Մեր եկեղեցին պէտք է շարունակէ իր պատմական և կենսական առաքելութիւնը՝ պահպանելու մեր ինքնութիւնը, ժառանգութիւնը և հաւատքը։

Ամէն տեսակ գործողութիւն, որ կրնայ թուլացնել պետութեան կամ եկեղեցւոյ կարողութիւնը իրենց առաքելութիւնը կատարելու—ներառեալ եպիսկոպոսներու և եկեղեցականներու վերջին ձերբակալութիւնները, և Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղուած սպառնալիքները—կը միտին նաև մեր ազգը թուլացնելու, ներքին և միջազգային մակարդակի վրայ։

Այս օրհասական և կարելիուութիւններով լի օրերուն՝ հրատապ է, որ մեր ազգային հիմնական հաստատութիւնները շինուին և ամրացուին, ոչ թէ քանդուին, որպէսզի իւրաքանչիւրը կարենայ իր պարտական դերակատարութիւնը ունենալ մեր երկրի առաջընթացին մէջ։ Մենք պէտք է ուրախանանք, որ մեր ազգը ունի իր ազատ պետականութիւնը և ժողովրդավարական համակարգը։ Նոյնպէս, եկեղեցւոյ պատմական դերը պէտք է յարգուի. եկեղեցին, որ դարեր շարունակ եղած է հայ ժողովուրդին հոգևոր առաջնորդը՝ հալածանքներու, աքսորներու և ցեղասպանութեան մէջ անգամ։

Այսպիսի ժամանակներու մէջ, մեր յոյսն ու ուժը Քրիստոսով և եկեղեցւոյ միաբանութեամբ է։ Մեր դէմքը կը դարձնենք աղօթքի, վստահելով որ Տէրը կու տայ խաղաղութիւն, բժշկութիւն և իմաստութիւն իր բոլոր զաւակներուն։ Ինչպէս սաղմոսերգուն կը բացագանչէ. «Կանչէ՛ զիս նեղութեան օրը, և ես պիտի ազատեմ քեզ, և դուն պիտի փառաւորես զիս» (Սաղմոս 50։15)։

Կը հրաւիրենք մեր հոգևորականները և հաւատացեալ ժողովուրդը մնալ համոզումով, հաւատքով և հոգևոր խաղաղութեամբ՝ պահելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը իրենց ամէնօրեայ աղօթքներուն մէջ՝ խնդրելով Աստուծմէ առաջնորդութիւն, կարեկցութիւն և յոյս մեր եկեղեցւոյ և մեր ազգին համար։

Թող Տէրը պահէ և պաշտպանէ Իր Սուրբ Եկեղեցին, զօրացնէ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Հայաստանի Հանրապետութիւնը, և խաղաղութեամբ, միասնութեամբ ու սիրով լեցնէ մեր ամբողջ հայ ընտանիքը», – ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայ Առաքելական Եկեղեցու 10 եպիսկոպոսներ, որոնք միացել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ մայիսին մեկնարկած հակաեկեղեցական արշավին ՝ Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականի պահանջով, հանդես էին եկել հայտարարությամբ և կոչ էին արել Հայաստանի և սփյուռքի հավատացյալներին միասնական կամք դրսևորել ՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին գալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և միանալ Գարեգին Բ-ի հրաժարականի իրենց պահանջին: Դեկտեմբերի 18-ին եպիսկոպոսները, ժամը 18:00-ին մոտ, քաղաքացիական հագուստով թիկնապահների ուղեկցությամբ շարժվել էին դեպի Մայր Տաճար: Հավատացյալները եպիսկոպոսներին դիմավորել էին « Հուդա, Հուդա » վանկարկումներով: Եպիսկոպոսները կաթողիկոսի հրաժարականի պահանջով նամակ էին հանձնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատուն և նույն թիկնազորի ուղեկցությամբ շտապ հեռացել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքից:

Արմինֆո