Եթե նույնիսկ պաշտոնական հայտարարություն չլիներ էլ, ակնհայտորեն երևում է եվրոպական կառույցների բացահայտ աջակցությունը գործող իշխանություններին։ Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնելով ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանը։
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասն օրերս հայտարարեց, որ Հայաստանը ԵՄ–ից այնպիսի օգնություն է խնդրել, ինչպիսին Մոլդովային են տրամադրել արտաքին վնասակար ազդեցության դեմ պայքարելու համար։
«Չեմ կարծում՝ ինչ-որ մի երկրում տեղի ունեցած իրադարձությունները նույնությամբ կարող են կրկնվել մեկ այլ երկրում։ Ես, որ համեմատաբար միջին ՀՀ քաղաքացուց ավելի շատ եմ տիրապետում ինֆորմացիաների, այդպես մանրամասնություններով չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել Մոլդովայում, որ ասեմ՝ կրկնվելու է, թե չի կրկնվելու»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր համարում է մոլդովական սցենարի կրկնությունը մեր երկրում։
Միաժամանակ ՀՀ երրորդ նախագահը հնարավոր համարեց, որ ԵՄ-ն կարող է աջակցել ընտրությունների ժամանակ գործող իշխանություններին։
Հիշեցնենք` դեկտեմբերի 2-ին Երևանն ու Բրյուսելը գործակցության նոր փաստաթուղթ ստորագրեցին։ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարեց, որ ԵՄ–ն ՀՀ–ին 15 մլն եվրո կտրամադրի մի քանի ծրագրեր իրականացնելու համար` ականազերծման հետ կապված աշխատանքներ, ինչպես նաև հիբրիդային պատերազմի շրջանակում աջակցություն։
Sputnik Արմենիա
