Մայր տաճարի դռանը, որին մոտենալիս հավատացյալները խոնարհվում են, համբուրում, մարդիկ ձեռքերով ու ոտքերով հարվածներ էին հասցնում, հայհոյում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հովհաննավանքի հոգևոր հովիվ տեր Սարգիս քահանա Սարգսյանը՝ խոսելով նախօրեին տեղի ունեցած իրադարձությունների մասին, որոնց ժամանակ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը վատացավ, պարզվեց՝ սրտամկանի սուր կաթված է ունեցել։
«Ես հավատացյալի այդպիսի պահվածք չեմ տեսել․․․ Բոլորս էլ հուզված էինք, լարված էինք, անհանգիստ էինք։ Տեր հայրն էլ նաև ճնշման խնդիր ունի, այս ամբողջ լարվածության մեջ դժվար էր, շունչներս չէր հերիքում, հրում էին ամեն կողմից։ Ես էլ էի դրսում տեր հորից մի փոքր հեռավորության վրա, ամեն կողմից հրմշտոց, գոռոցներ, հայհոյանքներ, շատ անհարմար, շատ վատ իրավիճակ էր։ Եվ մենք քահանա հայրերով, հավատացյալ ժողովուրդը, ովքեր կային մեր կողքին, փորձում էինք պատնեշել, որպեսզի իրենց նպատակը չիրագործվի, չկարողանան ներս մտնել Մայր տաճար և աղոթական վիճակը չխանգարեն»,– ասում է տեր Սարգիսը։
Պատմում է, որ այսօր, երբ տեսակցել են տեր հորը, նա ասել է՝ «վեհափառը դուրս եկավ ու հրմշտոցն ավելի սրվեց, զգացի՝ ծանրություն եկավ վրաս, սրտի սուր ծակոց եղավ»։
Դրանից հետ, երբ հնարավոր է դարձել, հոգևորականները շարժվել են դեպի վեհարան, կամարի մոտ արդեն տեր Վրթանեսի ինքնազգացողությունն ավելի է վատացել, շտապօգնություն են կանչել ու հոսպիտալացրել հոգևոր հորը։
Ինչ վերաբերում է երեկ կատարվածին, տեր Սարգիսը նշում է՝ ընդհանուր առմամբ, դա պարտություն էր բոլորի համար։
«Վեհափառ հայրապետը միշտ իր կոչերով, հորդորներով կանչում է բոլորիս երկխոսության, բայց, ինչպես տեսնում եք` երկխոսություն չի լինում, ուժայիններով, չգիտեմ՝ ում հավաքելով, գալիս են, հայտարարություններ են անում, պահանջներ են ներկայացնում։ Որևէ մի ընտանիքում այդպես հարց չի լուծվում, ոչ մի զավակ բողոքով, կռվով դուրս չի գալիս իր ծնողի դեմ՝ իր հաշիվները պահանջելու, հարցերը լուծելու, հրամայական ներկայացնելով»,- ասում է տեր Սարգիսը։
Խոսելով ոստիկանների մասին՝ տեր Սարգիսը նշում է՝ թեպետ ամեն կերպ փորձում էին պատշաճություն պահել, բայց չեզոքություն պահելը չստացվեց, քաղաքացիական հագուստով ոստիկաններ կային, ովքեր օգնում էին կաթողիկոսի հրաժարականը պահանջողներին առաջանալ և ավելի հարմար դիրք զբաղեցնել Մայր տաճարի դռների դիմաց, փորձում էին ներս խուժել։ Ասում է՝ ցավալի էր երեկ տեղի ունեցածի պատկերը։
Պատմությունից հայտնի են դրվագներ, երբ մեր ժողովրդից առանձին մարդիկ անցել են թշնամու կողմը, մեկմեկու դեմ դուրս եկել, բայց նման կրկնություններ չէր ցանկանա, որ լինեին։ Հույսով լի է, որ հաջողվելու է ջնջել բաժանարար գծերն ու համախմբել։
Sputnik Արմենիա
