ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշում է կայացրել գրեթե 30 արտասահմանյան ներկայացուցչություններից հետ կանչել ղեկավար պաշտոններ զբաղեցնող որոշ կարիերային դիվանագետների։ Այս մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը՝ հղում անելով Պետդեպարտամենտի անանուն աշխատակիցներին։
AP-ի փոխանցմամբ՝ արտասահմանյան առաքելությունների 29 ղեկավարներին տեղեկացվել է, որ նրանց պաշտոնավարման ժամկետը լրանալու է հունվարին։
Գործակալությունը նշում է, որ վերոնշյալ դիվանագետները պաշտոնները ստանձնել են ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք: Ամենամեծ թվով ամերիկացի դեսպաններ հետ են կանչվում Աֆրիկայից, որտեղ 13 երկրներում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների ղեկավարները աշխատանքից ազատման ծանուցումներ են ստացել: Ասիայում Թրամփի վարչակազմը հետ է կանչում դեսպաններին վեց երկրներից, այդ թվում՝ Վիետնամից և Ֆիլիպիններից:
Մերձավոր Արևելքի երկրներում գործուղումների դադարեցման մասին ծանուցումներ են ստացել Ալժիրում և Եգիպտոսում ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետները։ Կադրային փոփոխությունները կտարածվեն նաև Հայաստանում, Հյուսիսային Մակեդոնիայում, Չեռնոգորիայում և Սլովակիայում գործող ԱՄՆ դեսպանատների վրա։ Associated Press-ը նշում է, որ հիշյալ դիվանագետները պետք է վերադառնան Վաշինգտոն, որտեղ ցանկության դեպքում կարող են նոր նշանակումներ ստանալ։
Հուլիսի 11-ին AP-ն հայտնել է, որ Պետդեպարտամենտը սկսել է զանգվածային ազատումներ, որոնք նախատեսում են 1,3 հազար աշխատակցի կրճատում։ Դրանք դարձել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ գերատեսչության վերակազմավորման պլանի մի մասը, որի նպատակն է ֆինանսական տնտեսում և գաղափարախոսական շտկումներ մտցնելը։
Ինչպես ապրիլի վերջին հայտարարել է Ռուբիոն, Թրամփի գլխավորած ամերիկյան վարչակազմը Պետդեպարտամենտի «համապարփակ վերակազմավորում» կիրականացնի՝ նախևառաջ բյուրոկրատական ապարատի կրճատման նպատակով։ The Washington Post թերթի վկայությամբ՝ Ռուբիոյի ծրագիրը նախատեսում է, մասնավորապես, Պետդեպարտամենտի տասնյակ հազարավոր աշխատակիցների ազատում (մոտ 80 հազարից), ինչպես նաև մի քանի հյուպատոսությունների և արտաքին քաղաքական գերատեսչության որոշ ծրագրերի փակում։ Ենթադրվում է, որ Պետդեպարտամենտի կենտրոնական ապարատում կրճատման տակ կհայտնվի աշխատակիցների մոտ 15%-ը (շուրջ 3,4 հազար մարդ)։
News.am
