Логотип

Իմ արժանապատվությունը, հայրենիքն ավելի վեր է․ հայ դահուկորդը՝ «Ադրբեջան» բառը փակելու մասին

Հայ դահուկորդ Միքայել Միքայելյանն «Ազատությանը» մեկնաբանել է իտալական Tour de Ski մրցաշարից առաջ մարզահագուստի վրա «Ադրբեջան» բառը կպչուն ժապավենով փակելու համար իրեն տուգանելու որոշումը։

Դահուկորդը պատմել է, որ առավոտյան՝ մրցույթի մեկնարկից մոտ 2 ժամ առաջ էր ստացել հանդերձանքը, տեսնելով «Ադրբեջան» գրությունը՝ որոշել էր, որ այդ երկրի անունը կրծքին սահքի դուրս չի գա։

«Փակեցի ու գնացի մեկնարկի: Ինձ համար իմ արժանապատվությունը, իմ հայրենիքն ավելի վեր են: Դե, իհարկե, ժյուրին դա նկատեց»,- նշել է Միքայելյանը։

Մարզիկի խոսքով՝ ժյուրին մրցումից հետո բացատրություն էր պահանջել՝ ընդգծելով, որ միջազգային կանոններով բոլոր հովանավորների նշումները պետք է տեսանելի լինեն (Ադրբեջանի պետական ​​տուրիզմի գործակալությունը 2025 թվականից ի վեր Միջազգային դահուկային ֆեդերացիայի գլխավոր հովանավորն է-խմբ․): Միաժամանակ, նրան հայտնել էին, որ իրավիճակը հասկանում են, սակայն արձանագրել են խախտումը։

Մարզիկը չի բացառել, որ նման դեպքերը կարող են կրկնվել։

«Մենք տարեկան ունենք մոտ 20 մրցում, և աշխարհի գավաթի խաղարկություններում հովանավորները հիմնականում նույնն են, նմանապես նույն ձև կարող է լինել նաև «Ադրբեջան» գրվածք: Ժյուրին խնդրեց, որ հետագայում նման քայլի չգնամ, ես նրանց պատասխանեցի, որ այժմ ոչինչ խոսք տալ չեմ կարող»,- ընդգծել է դահուկորդը:

Միքայելյանը շեշտել է, որ ինքն իր արաքի, իր տուգանքի տերն է, իսկ տուգանքի բեռը կիսել ցանկացողներին խնդրել է աջակցել Աշոցքում դահուկային սպորտի զարգացմանը։

Միքայելյանի նկատմամբ սահմանված տուգանքը վճարելու է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան։ Միքայելյանը մրցույթի ժամանակ իր մրցակցային հագուստի վրա «Ադրբեջան» գրությունը ծածկել էր կպչուն ժապավենով։

Armenia Today