Логотип

ԱՄՆ-ն սկսել է վաճառել վենեսուելական նավթը

Միացյալ Նահանգները մեկնարկում է վենեսուելական նավթի վաճառք, նախնական փուլում նախատեսվում է իրացնել մոտ 30-50 միլիոն բարել նավթ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը։

«Վենեսուելական հում նավթի և նավթամթերքի վաճառքից ստացված ողջ հասույթը կփոխանցվի ԱՄՆ-ի կողմից վերահսկվող հաշվեհամարներին՝ միջազգայնորեն ճանաչված բանկերում․․․ Նավթի վաճառքը կսկսվի անմիջապես, և ակնկալվում է, որ կվաճառվի շուրջ 30-50 միլիոն բարել: Գործընթացը կշարունակվի անժամկետ»,-ասված է նախարարության հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին ԱՄՆ-ն զանգվածային հարված էր հասցրել Վենեսուելայի տարածքին։ Նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, ձերբակալվել էին և տեղափոխվել Նյու Յորք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նրանք կկանգնեն դատարանի առաջ՝ թմրաբիզնեսի և Միացյալ Նահանգների անվտանգությանը սպառնալու մեղադրանքով։ Դատարանում Մադուրոն և Ֆլորեսը հերքել են առաջադրված բոլոր մեղադրանքները և հայտարարել իրենց անմեղության մասին։

Գործողությունից հետո Կարակասը ՄԱԿ-ի հրատապ նիստ է պահանջել։ Վենեսուելայի Գերագույն դատարանը պետության ղեկավարի լիազորությունները ժամանակավորապես փոխանցել է փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսին։ Հունվարի 5–ին նա պաշտոնապես ստանձնել է նախագահի պաշտոնակատարի պարտականությունները և երդում է տվել Ազգային ասամբլեայի առջև։

Ռուսաստանի ԱԳՆ-ն համերաշխություն է հայտնել Վենեսուելայի ժողովրդին, կոչ է արել ազատ արձակել Մադուրոյին և նրա տիկնոջը, ինչպես նաև թույլ չտալ իրավիճակի հետագա սրացում։ Նմանատիպ կոչով հանդես է եկել նաև Չինաստանը՝ ԱՄՆ գործողություններն անվանելով միջազգային իրավունքի խախտում։ Գործողությունը քննադատել է նաև ԿԺԴՀ ԱԳՆ-ն։

Sputnik Արմենիա