«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի կալանավորումը բացահայտ քաղաքական է, ուժի ցուցադրման նպատակ ուներ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պաշտպան Արսեն Բաբայանը։
Ինչպես արդեն հայտնել ենք` քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանին ՀԿԿ-ն մեղադրում է 1,5 ամիս առաջ` նոյեմբերին, Վաղարշապատում տեղի ունեցած արտահերթ ընտրությունների ժամանակ, իբր, ընտրողներին ընտրակաշառք բաժանելու մեջ: Գալստյանը կալանավորվել է Ամանորի նախօրեին՝ 2025թ․ դեկտեմբերի 30-ին։
Խաչիկ Գալստյանին կալանավորելու որոշման դեմ առաջիկա օրերին բողոք կներկայացվի, պաշտպան Արսեն Բաբայանն ընդգծում է՝ կալանավորման հիմքերը բացակայում են, ավելին, Հակակոռուպցիոն քրեական դատարանը, դիտարկելով մեկ հիմքը, հերքել է՝ հենց իր որոշմամբ։ Ավելին, փաստաբանը նշում է, որ եթե անգամ դատարանի որոշմամբ նշված ռիսկն իրական լիներ, ապա այլընտրանքային խափանման միջոցներն ամբողջությամբ բավարար էր՝ այն կանխելու համար, հետևաբար, դատարանն անհիմն կիրառել է ամենախիստ խափանման միջոցը։
«Ակնհայտ է, որ այս հետապնդումը բացառապես քաղաքական է, որ Գալստյանը քաղաքական բանտարկյալ է։ Դրա ամենապարզ փաստերն այն են, որ այս գործողություններն իրականացվել են վնասելու, պատժելու նպատակով, այսինքն՝ դեկտեմբերի 30-ին՝ Ամանորից մեկ օր առաջ, խուզարկություններով ձերբակալում են, կալանավորում, թույլ չեն տալիս, որ Ամանորն իր տանը՝ ընտանիքի, անչափահաս որդու հետ դիմավորի։ Եթե անգամ այն հիմքը, համարենք, որ դատարանը ճիշտ է գնահատել, ապա դա կարելի էր զսպել անգամ ոչ թե տնային կալանքով, այլ ավելի մեղմ խափանման միջոցով, բայց գոնե տնային կալանք կիրառեին, որ պարոն Գալստյանն իր տանը դիմավորեր Ամանորը՝ ընտանիքի հետ»,- նշեց Բաբայանը։
Նա ընդգծեց, որ Խաչիկ Գալստյանը մեղադրանքը չի ընդունում, այն ամբողջությամբ հնարովի է, «Հայրենիք» կուսակցությունը երբեք ընտրակաշառքի հետ առնչություն չի ունեցել, մշտապես քննադատել է կոռուպցիոն բնույթի բոլոր հանցագործությունները։
«Զուտ քաղաքական ուժին որոշակի ուժ ցույց տալու, Արթուր Վանեցյանին ինչ-որ բան հասկացնելու մեթոդ էր՝ հաշվի առնելով, որ Արթուր Վանեցյանի՝ հատկապես վերջին հարցազրույցները բավականին կոշտ էր՝ իշխանությունների հասցեին»,- նշեց Բաբայանը՝ հավելելով, որ դեռևս նոյեմբերին այս իշխանությունները ցույց տվեց, որ արդեն պատրաստվում են 2026թ․ ընտրություններին, ընդ որում, այդ պատրաստության մեջ կարելի է դիտարկել նաև իրավական բոլոր տեսակի սահմաններն անցած «բեսպրիդելը», որը սկսել է դեռ 2018թ․, իսկ այսօր ում, որ մտքով անցնում է՝ կալանավորում են․ «Սա ընտրությունների նախաշեմին ուժ ցույց տալու համար է, որ ում ուզեն՝ կկալանավորեն, որ բոլոր քաղաքական գործիչներն ականջին օղ անեն՝ կկալանավորվեն»։
Հարցին՝ նկատի ունենալով ներկայացվող մեղադրանքներն արդյոք խնդիր չունեն նաև վարկաբեկման, օրինակ՝ այժմ կուսակցական քաղաքական գործչին մեղադրում են ընտրակաշառքի մեջ, Բաբայանն ի պատասխան հիշեցրեց Արշակ Սրբազանին վերագրվող մեղադրանքը, որով ակնհայտ է, որ նպատակն անձին վարկաբեկելը, անձի նկատմամբ թշնամանք տարածելն է, որովհետև մեղադրանքը հերքվել է հենց քրեական հետապնդում հարուցելու որոշմամբ, որովհետև մեղադրանքը ոչ թե թմրանյութի իրացումն է, այլ՝ մեկ այլ անձի վարկաբեկելու համար թմրամիջոցը պայուսակում դնելու հանձնարարության մասին է, ինչը, եթե անգամ ճիշտ լիներ, ապա միևնույն է, հանցակազմն այդտեղ գոյություն չունի։
«Այո, սա ենթադրում է, որ ուժ են ցույց տալիս նաև՝ վարկաբեկելով, դա էլ է ուժի ցուցադրության ձև, որ ինչ ուզեն՝ կանեն։ 10 եպիսկոպոսների հետ տեսանք, թե ինչպես վարվեցին, բնականաբար, ամեն մեկի վերաբերյալ ինչ-որ բան ունեին կամ հնարել էին»,- նշեց փաստաբանը։
Ինչ վերաբերում է մեղադրանքի հիմքում դրված տվյալներին, թե արդյոք Գալստյանի դեմ ցուցմունքներ կան, ՕՀՄ-նե՞ր են եղել նրա նկատմամբ՝ փաստաբանը չմանրամասնեց, միայն նշեց, որ Գալստյանի մասնակցությամբ որևէ քննչական կամ վարութային գործողություններ չեն եղել, որևէ ուղիղ ապացույց, որ Խաչիկ Գալստյանը կապ ունի ընտրակաշառքի հետ, գոյություն չունի։
