2025 թվականի դեկտեմբեր ամսին Քննչական կոմիտեում ինքնավար, հայեցողական, քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց ՀՀ 2025 թվականի պետական բյուջեից Կոմիտեին տրամադրված աշխատողների վարձատրության համար նախատեսված առկա տնտեսման հաշվին հատկացվել է պարգևավճար (օրինակ’ 13-րդ աշխատավարձ)’ մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով’ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:
NEWS.am-ի կոնկրետ հարցին, թե որքա՞ն է կազմել ՔԿ նախագահի և տեղակալների ստացած պարգևավճարների չափը, Կոմիտեից չեն հստակեցրել: Այնուամենայնիվ ուսումնասիրելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույքաչափերի հաշվարկման գործակիցները, ինչպես նաև հաշվի առնելով, որ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը դասային աստիճանի համար ստանում է հավելավճար, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով, պարզեցինք, որ ՔԿ նախագահը և նրա տեղակալները դեկտեմբերին ստացել են շուրջ 4 մլն դրամի աշխատավարձ, հավելավճար և պարգևավճար:
Նշենք, որ «Քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ քննչական կոմիտեի նախագահը, նրա տեղակալները, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչությունների, վարչությունների պետերը և նրանց տեղակալները, բաժնի պետերը, բաժնի պետի տեղակալները, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչները, հատկապես կարևոր գործերով քննիչները, ավագ քննիչները և քննիչները, ինչպես նաև սույն օրենքով սահմանված հիմքերով քննչական կոմիտեի կադրերի ռեզերվում գտնվող ծառայողները, որոնք «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն համարվում են ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձինք:
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն էլ՝ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը դասային աստիճանի համար ստանում է հավելավճար, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով:
Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրությամբ և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով ամրագրված տեղեկատվություն ստանալու իրավունքը, ինչպես նաև թափանցիկության ու հաշվետվողականության կարևորագույն սկբունքները, քննչական կոմիտեին հորդորում ենք վերոնշյալ հաշվարկներում առկա հնարավոր անճշտությունների դեպքում հրապարակել դեկտեմբերին Կոմիտեի նախագահի և տեղակալների ստացած աշխատավարձերի, հավելավճարների և պարգևավճարների չափի վերաբերյալ լրիվ և ամբողջական տեղեկատվություն:
