Логотип

Փաշինյանը փորձեց էլեկտրաէներգիայի անջատումների մեղքը բարդել «ՀԷՑ»-ի նախկին ղեկավարության վրա

Այն փաստը, որ մարդիկ Ամանորի գիշերն անցկացրել են հոսանքազրկված բնակավայրերում, ցույց է տալիս այն կառավարման արդյունքները, որոնք նախորդ շրջանում իրականացվել են ՀԷՑ–ում։ Այս մասին հունվարի 8-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա գնահատմամբ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը չի կատարել իր ներդրումային պարտավորությունները, մասնավորապես՝ երկրի մարզերի բնակավայրերի մասով։

Նա վստահություն է հայտնել, որ եթե չլինեին վերջին վեց ամիսների ընթացքում տեղի ունեցած գործընթացները, ապա հոսանքազրկված բնակավայրերի թիվը երեք անգամ ավելի մեծ կլիներ, քան հիմա է։

Փաշինյանը լուրջ կասկած է հայտնել, որ այս ամենն արվել է Հայաստանում քաղաքական դժգոհություն առաջացնելու նպատակով՝ թաքնվելով երկրի կրիտիկական ենթակառուցվածքներից մեկի թիկունքում։

Կառավարության ղեկավարը հավելել է, որ Հայաստանում իբրև թե չկա որևէ ընտանիք, որից ընկերությունը տասնյակ միլիարդավոր դրամների հասնող գումար գողացած չլինի։ «Մենք կայացրել ենք ճիշտ, արդարացված որոշում և կկարողանանք պաշտպանել այդ որոշումը բոլոր ատյաններում։ Ես ներողություն եմ խնդրում այն քաղաքացիներից, ովքեր Նոր տարին դիմավորել են մթության մեջ։ Ներողություն եմ խնդրում այն բանի համար, որ այդ որոշումը, որ ես կայացրել եմ մայիսին, և այն պետությունը, կառավարությունը և պետական մարմինները, այն որոշումները, որ կայացրել են հետագայում, այդ որոշումները չեն կայացրել երեք տարի առաջ, հինգ տարի առաջ, յոթ տարի առաջ», – նշել է Կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը խոստացել է նոր բացահայտումներ անել՝ վստահեցնելով, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ղեկավարության մեջ եղել են մարդիկ, ովքեր տասնյակ միլիոնավոր դրամների հասնող պարգևավճարներ են ստացել։ Նրա համոզմամբ՝ ընկերությունում չկան մասնավոր միջոցներ, իսկ միջոցները ձևավորվում են Հայաստանի քաղաքացիների վճարած գումարների հաշվին։

News.am