Логотип

Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մաքրագործման հատուկ կարգ կատարվեց

Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մաքրագործման հատուկ կարգ կատարվեց, որին հաջորդեց ժամերգությունը։ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանեց` կարգալույծ հռչակված քահանա տեր Թադեի (ներկայում՝ Արամայիս Թախմազյան) մատուցած «պատարագից» հետո եկեղեցին պետք է մաքրվի։

Հունվարի 6-ին Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները թույլ չտվեցին Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանային՝ տեր Հայկ Քոչարյանին, մուտք գործել եկեղեցի և պատարագ մատուցել՝ պնդելով, որ ծեսը պետք է անի իրենց քահանան (կարգալույծ հռչակված քահանա տեր Թադեին։ Տեղում էին նաև մեծ թվով ոստիկանական ուժեր՝ փոխոստիկանապես Կարեն Հակոբյանի գլխավորությամբ։

«Ցավալի է, որ այդ ամենը կատարվեց համայնքապետի կարգավիճակ ունեցող պետական պաշտոնյայի (Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյան. խմբ․) և ոստիկանների ներկայությամբ։ Այսինքն՝ ուժայինների միջոցով եկեղեցի ներխուժում կազմակերպվեց, և խաթարվեց կրոնական ծեսը։ Օրինական հոգևոր հովիվը և հավատացյալ ժողովուրդը չկարողացան Սուրբ ծննդյան պատարագ մատուցել։ Բայց մեր խելամիտ ու համբերատար քահանաները և բարեպաշտ ժողովուրդը խուսափեցին բախումից, որը նպատակադրել էին եկեղեցի ներխուժում կազմակերպող խուլիգանական կեցվածքով համայնքապետը և հավանաբար նաև ուժայինները»,– ասաց տեր Վրթանեսը։

Անդրադառնալով Մուղնու հոգևոր հովիվ, Արագածոտնի թեմի դիվանապետ տեր Գարեգին քահանա Արսենյանին Սուրբ ծննդյան պատարագին մասնակցելու թույլտվություն չտալուն՝ Վրթանես քահանան նշեց, որ ինքը զարմացած չէ իշխանության պահվածքից։ Նրա խոսքով՝ տեր Գարեգինն իշխանության կողմից վարվող հակաեկեղեցական պայքարի թիրախում է։

«Տնային կալանքն այդ նպատակներից մեկն է, որպեսզի թեմի կյանքը խաթարեն, և իրենք որևէ նման արտոնություն չէին տա։ Իրենք քրիստոնեական մոտեցում չունեն, որ Սուրբ ծննդին քրիստոնեական դրսևորումներ ունենան։ Իրենց դրսևորումները հակաքրիստոնեական են և ոչ հոգևոր, իրենց մոտեցումները՝ աղանդավորական ու անօրեն։ Մոտենում են Սահմանադրության և օրենքների խախտումով՝ խաթարելով եկեղեցու կանոններն ու ներքին կյանքը»,– ավելացրեց տեր Վրթանեսը։