Ադրբեջանում գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի կինը նրանից ձեռագիր նամակ է ստացել։
Ինչպես հայտնում է Բուենոս Այրեսում տեղակայված SOAR կազմակերպությունը (Հայ որբերի օգնության միություն), նամակը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով փոխանցվել է Լինդա Էուլջեքչյանին:
«Վիգեն Էուլջեքչյանի լռության, անորոշության և հոգեբանական դժվարություններով լի երկար ժամանակահատվածից հետո այս նամակը ստանալը խոր զգացմունքային և նշանակալի պահ է ընտանիքի համար», – ասվում է «X» ցանցում տարածված կազմակերպության հայտարարության մեջ:
Ինչպես նշում է SOAR-ը, Էուլջեքչյանի ցանկացած հաղորդագրություն մեծ նշանակություն ունի, քանի որ այն հաստատում է, որ նա ողջ է:
«Այս նամակագրությունն ավելին է, քան պարզապես անձնական հաղորդագրությունների փոխանակումը։ Այն իրենից ներկայացնում է մարդասիրական օգնություն և հաստատում է բանտարկյալների՝ իրենց ընտանիքների հետ կապ պահպանելու հիմնարար իրավունքը», – ասված է հաղորդագրության մեջ։
Կազմակերպությունը երախտագիտություն է հայտնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին նամակի փոխանցման գործում ունեցած կարևոր դերի համար:
Թեև նամակի ստացումը որոշակի հույս է ներշնչում, այնուամենայնիվ, պահպանվում են մարդասիրական լուրջ մտահոգությունները՝ կապված Էուլջեքչյանին երկարատև կալանքի տակ պահելու հետ: Էուլջեքչյանի իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար SOAR-ը վերահաստատում է մշտական միջազգային մոնիթորինգի, թափանցիկության և մարդասիրական հասանելիության կարևորությունը:
Sputnik Արմենիա
