ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է իր աջակցությունը Սենատի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին օրինագծին, սակայն հույս է հայտնել, որ դրա կիրառման կարիք չի լինի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Fox News-ի հետ հարցազրույցում։
Թրամփը շեշտել է, որ այժմ Ռուսաստանի նկատմամբ խիստ պատժամիջոցներ են գործում, և երկրի տնտեսությունը շատ վատ վիճակում է։ Լրագրողը հարց է ուղղել ԱՄՆ նախագահին սենատորների առաջարկած նախագծի շուրջ, որը նախատեսում է երկրորդային պատժամիջոցներ սահմանել ռուսական նավթ և գազ գնող երկրների, այդ թվում՝ Չինաստանի և Հնդկաստանի նկատմամբ։
«Ես աջակցում եմ դրան։ Հուսով եմ, որ մենք ստիպված չենք լինի այն կիրառել», – ասել է Թրամփը։
Ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմը հունվարի 8-ին հայտնել էր, որ հանդիպում է ունեցել Դոնալդ Թրամփի հետ, և վերջինս հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների նախագծին։ Գրեհեմի խոսքով՝ այդ նախագծի շուրջ քվեարկությունը կարող է կայանալ արդեն հաջորդ շաբաթ։
