Логотип

«Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը միջնորդագիր է ներկայացրել Դավիթ Բաբայանին ազատելու պահանջով

«Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը միջնորդագիր է ներկայացրել ՄԱԿ-ի կամայական կալանքի հարցերով աշխատանքային խմբին՝ Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին ազատելու պահանջով:

Այս մասին հաղորդում է Armenianweekly-ն: Այս միջնորդությունը հաջորդել է Ադրբեջանի դատախազության 2025 թվականի նոյեմբերի 13-ի հայտարարությանը, որով Արցախի նախկին ղեկավարների և պաշտոնատար անձանց համար պահանջում են ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում:

Նշվում է, որ Բաբայանն Ադրբեջանում կալանքի տակ պահվող 31 անձանց թվում է՝ կապված Արցախի վերջին հակամարտությունների հետ: Միջնորդագիրը, ի թիվս այլ հարցերի, պահանջում է դադարեցնել մեկուսի բանտարկության պրակտիկան և հիմնական կարիքների բավարարման սահմանափակումները, բժշկական օգնության հասանելիությունը, ինչպես նաև անհապաղ և անկախ դիտարկել կալանքի օրինականությունը:

Խնդրագրում նշվում է, որ Բաբայանի ձերբակալությունն անհամատեղելի է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի վերաբերյալ Ադրբեջանի պարտավորությունների հետ: Դրանում նաև նշվում է, որ հաշվի առնելով Բաբայանի նախկին դերը որպես արտաքին գործերի նախարար, նրա գործը լրացուցիչ հարցեր է առաջացնում 2006 թվականին ՄԱԿ-ի միջազգային իրավունքի հանձնաժողովի կողմից ընդունված դիվանագիտական պաշտպանության մասին հոդվածների համաձայն:

«Ամերիկացիները հանուն Արցախի»-ն իր մտահոգությունն է հայտնում նաև աշխատանքային խմբի կողմից Արցախի հակամարտության հետևանքով ձերբակալված անձանց վերաբերյալ այլ դիմումներին ոչ բավարար արձագանքի կապակցությամբ, այդ թվում՝ Բաբայանի անունից 2024 թվականի ապրիլի 24-ին ներկայացված նախնական բողոքարկման կապակցությամբ: Կազմակերպությունը նախազգուշացնում է, որ նման խնդրագրերի հետ կապված ենթադրյալ անգործությունը կարող է ավելի լայն հետևանքներ ունենալ զանգվածային վայրագությունները կանխելու և մարդու իրավունքների միջազգային սկզբունքներին ու օրենքներին օբյեկտիվորեն հետևելու համար:

Armenia Today