Логотип

Ղազինյան․ Մեր կառավարման ժամանակ ՀԷՑ-ում պարգևավճար ստացել են բոլորը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կառավարման ժամանակ պարգևավճարներ ստացել են բոլորը։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԷՑ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը` անդրադառնալով ՀԷՑ ժամանակավոր պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի այն հայտարարությանը, թե «Տաշիր կապիտալի» կողմից ՀԷՑ–ի կառավարման ժամանակ միայն վերնախավն է պարգևավճար ստացել։

Ղազինյանի խոսքով` իրենց կառավարման ժամանակ ՀԷՑ–ում պարգևավճարները եղել են 50/50, այսինքն` 50 տոկոս աշխատավարձ և պլանները ճիշտ կատարելու դեպքում` 50 տոկոս պարգևավճար։

Նա վստահեցնում է` պարգևավճար ստացել են բոլորը, իսկ տարեվերջին, ինչպես աշխարհի բոլոր խոշոր կորպորացիաներում, այնպես էլ ՀԷՑ–ում, ոչ բոլորն են ստացել որոշակի ֆինանսական բոնուսներ։

«Ես, օրինակ, իմ կառավարման ամբողջ 10 տարվա ընթացքում երկու անգամ եմ բոնուս ստացել… Ոչ թե վատ եմ կառավարել, այլ քանի որ իմ աշխատավարձը բարձր է եղել, իմ ղեկավարի հետ պայմանավորվել ենք, որ այդպես պետք է լինի»,– վստահեցրեց նա։

Sputnik Արմենիա