Логотип

Այլախոհներին փորձում են վախեցնել. «Իմնեմնիմիի» հեղինակների աջակիցները դատարանի դիմաց են

Հայաստանի բոլոր քաղբանտարկյալների միջև ընդհանուրն այն է, որ բոլորն այլախոհ են, և իշխանությունը փորձում է ճնշել ու վախեցնել նրանց։ Այսօր Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի դիմաց այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Նրա խոսքով՝ իրավական համակարգն օգտագործվում է նաև ԶԼՄ-ների վրա ճնշում գործադրելու նպատակով։

Նշենք, որ այսօր Antifake.am-ի «Իմնեմնիմի» քաղաքական պոդկաստի համահեղինակներ և վարողներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի գործով առաջին դատական նիստն է։

«Հիշենք, որ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի պարագայում խոսքը նաև Antifake.am կայքի մասին է, որի աշխատանքն իշխանություն կոչեցյալներն ամեն կերպ փորձեցին խոչընդոտել։ Ինձ համար անհասկանալի է և անդադար բարձրաձայնելու եմ միջազգային կառույցների լռության մասին։ Այս պարագայում հստակ գնահատականների անհրաժեշտություն կա, որովհետև տղաները եթերում ասել են շատ ավելի մեղմ ձևակերպում, քան հանդգնել է իրենց ասել Ազգային ժողովի նախագահի աթոռին նստած Ալեն Սիմոնյանը»,– ասաց նա։

Դիտարկմանը, թե իշխանությունը նրանց դիտարկում է հիբրիդային պատերազմի համատեքստում, Մամիջանյանն արձագանքեց՝ նշելով, որ դա անհեթեթություն է։

«Ակնհայտ է փաստը, որ առաջիկա էլեկտորալ և ընտրական կարևորագույն գործընթացների ժամանակ Փաշինյանն ու իր այդ խմբակն օգտագործելու են այդ թեզը, թե իբր արտաքին միջամտություն է, հիբրիդային պատերազմ և այլն։ Այսինքն՝ մինչև ընտրություններն ինչ անօրինականություն էլ անի Փաշինյանը, դա ձևակերպվելու է որպես հիբրիդային պատերազմ»,– նշեց Մամիջանյանը։

Առաջին դատական նիստում Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին աջակցելու էին եկել նաև հասարակական ու քաղաքական գործիչներ։ Դատարանի բակում հավաքվել են Սաղաթելյանի և Սամսոնյանի համախոհները՝ նրանց նկարներով և «Ազատություն քաղբանտարկյալներին» գրությամբ պաստառներով։

Sputnik Արմենիա