«Ինձ միջազգային իրավունք պետք չէ, ես մարդկանց վնասելու մտադրություն չունեմ»։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին հայտնել է New York Times-ի հարցազրույցում՝ բացատրելով, թե ինչու է իրեն անհրաժեշտ Գրենլանդիան։
Երբ նրան հարցրել են ռազմական, տնտեսական և քաղաքական իշխանության հնարավոր սահմանափակումների մասին, նա պատասխանել է. «Այո, կա մի բան՝ իմ սեփական բարոյականությունը։ Իմ սեփական միտքը։ Դա միակ բանն է, որը կարող է ինձ կանգնեցնել։ Ինձ միջազգային իրավունք պետք չէ, ես մարդկանց վնասելու մտադրություն չունեմ»։
Լրագրողները հարցրել են, թե արդյոք դա նշանակում է, որ նրա վարչակազմը պարտավոր չէ պահպանել միջազգային օրենքները, տեղեկացրել է Bild-ը։ Թրամփը պատասխանել է. «Այո։ Ես դրանց հետևում եմ։ Կախված է նրանից, թե ինչ նկատի ունեք միջազգային իրավունք ասելով»։
Երբ նրան հարցրել են, թե արդյոք ՆԱՏՕ-ն, թե Գրենլանդիան է ավելի կարևոր իր համար, ԱՄՆ նախագահը ուղիղ պատասխան չի տվել, բայց ընդունել է, որ դա «գուցե կամ-կամ ընտրություն է»։ Նա նաև նշել է, որ առանց ԱՄՆ մասնակցության ՆԱՏՕ-ն, իր կարծիքով, մեծ մասամբ անիմաստ է։
Ինչու՞ է Թրամփին անհրաժեշտ Գրենլանդիան. «Որովհետև ես կարծում եմ, որ դա հոգեբանորեն անհրաժեշտ է հաջողության համար»։ Ես կարծում եմ, որ սեփականությունը հնարավորություններ է տալիս, որոնք չեք կարող ստանալ վարձակալությամբ կամ պայմանագրով։ «Սեփականատիրությունն առաջարկում է այնպիսի առավելություններ, որոնք չեք կարող ստանալ պարզապես փաստաթուղթ ստորագրելով»։
ԱՄՆ նախագահը նշել է, որ «միշտ» հարգում է ընտրությունների արդյունքները, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք «կեղծված» և «անազնիվ» են։
Թրամփն ասել է, որ խնդիր չի տեսնում իր ընտանիքի անդամների կողմից արտասահմանում բիզնեսով զբաղվելու մեջ։ «Իմ առաջին ժամկետի ընթացքում ես արգելեցի նրանց բիզնեսով զբաղվել, և բացարձակապես ոչնչի չարժանացա դրա համար»,- ասել է նա։
Նա նաև հայտնել է, որ ով հաղթի պատերազմում արհեստական բանականության ոլորտում, նա էլ կկառավարի աշխարհը։ Թրամփն ավելացրել է, որ արհեստական բանականությունը կստեղծի «հսկայական թվով աշխատատեղեր», բայց կարող է դրանք կատարելու համար բավականաչափ մարդիկ չլինեն, ուստի «ստիպված կլինենք ռոբոտներ օգտագործել»։
News.am
