AntiFake.am-ի հայտարարությունը Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը երեք ամսով երկարացնելու և Սամսոնյանի կողմից հայտարարված անժամկետ հացադուլի առնչությամբ
Դատարանի կողմից Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքի ևս երեք ամսով երկարաձգումը իրավական չէ, քաղաքական է և ծայրահեղ վտանգավոր Հայաստանի համար։
Այս որոշմամբ դատավոր Մանվել Շահվերդյանը ոչ թե իրականացրեց արդարադատություն, այլ դարձավ քաղաքական կամքի գործիք՝ խոսքի ազատության դեմ շարունակվող արշավում։
«Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կալանավորված են ոչ թե հանրային վտանգավոր արարքի, այլ փոդքասթի ընթացքում իրենց խոսքի, դիրքորոշման և ՀՀ ազգային ժողովի նախագահի հայհոյանքին պատասխանելու համար։ Այդ արձագանքի ընթացքում Նարեկ Սամսոնյանն ընդամենը «հետույք» բառն է օգտագործել։ Նարեկ Սամսոնյանը AntiFake.am-ի հիմնադիրն ու ղեկավարն է, անկախ մեդիայի ներկայացուցիչ, ում գործունեությունն ուղղված է եղել իշխանության գործողությունների բացահայտմանը և հանրային վերահսկողությանը։
Այսօր դատարանի որոշումից հետո Նարեկ Սամսոնյանը հայտարարել է անժամկետ հացադուլ՝ որպես ապօրինության դեմ վերջին միջոց։ Սա ծայրահեղ քայլ է, որը ծնվել է ոչ թե հուզական պոռթկման հետևանքով, այլ քննիչների և դատախազի և դատավորների մասնակցությամբ իրավական համակարգային խուլիգանությանը վերջ տալու նպատակով:
Մենք արձանագրում ենք․
– քրեական գործի նախաքննությունն ավարտված է,
– գործը գտնվում է դատաքննության փուլում,
– վարույթին խոչընդոտելու որևէ ռիսկ գոյություն չունի,
– Նարեկ Սամսոնյանն ունի երկու անչափահաս երեխա և ընտանիքում միակ կերակրողն է,
– Վերաքննիչ դատարանը Նարեկ Սամսոնյանի պարագայում արձանագրել է կալանքի կիրառման դատական սխալ,
և այս պայմաններում կալանքի երկարաձգումը այլևս ոչ մի իրավական բացատրություն չունի։
Սա դասական օրինակ է այն բանի, ինչ միջազգային իրավունքում կոչվում է chilling effect – երբ մեկ մարդու դեմ կիրառված բռնաճնշումը ուղերձ է բոլորին․ լռեք, հակառակ դեպքում կկործանվեք։
Մենք դիմում ենք․
– Հայաստանի Հանրապետության իշխանություններին – անհապաղ դադարեցնել խոսքի ազատության դեմ իրականացվող քաղաքական հետապնդումները։
– Դատական իշխանությանը – գիտակցել սեփական որոշումների հետևանքները և պատասխանատվությունը մարդու կյանքի ու առողջության համար։ Անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին։
– Հայաստանյան և միջազգային ԶԼՄ-ներին – չլռել, չլուսաբանել այս գործը որպես «սովորական քրեական վարույթ»։
– Միջազգային իրավապաշտպան և լրագրողական կազմակերպություններին – արձագանքել, արձանագրել և գնահատել այս գործը որպես քաղաքական հետապնդում։
– Ընդդիմադիր քաղաքական գործիչներին և հասարակական դերակատարներին – լռությունը այս պահին ոչ թե չեզոքություն է, այլ մասնակցություն։
AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարում է, որ ամբողջ պատասխանատվությունը Նարեկ Սամսոնյանի առողջության և կյանքի համար կրում են Հայաստանի Հանրապետության իշխանությունները։
Մենք շարունակելու ենք պայքարը՝ բոլոր իրավական, հանրային և միջազգային հարթակներում։
AntiFake.am-ի խմբագրություն
