Логотип

Շվեյցարիայի և Ռումինիայի հայոց թեմերն իրենց հավատարմությունն են հայտնել Վեհափառ Հայրապետին

Հոգևորականները շարունակում են իրենց աջակցությունը հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոսին և Մայր Աթոռին։

Շվեյցարիայի թեմը հայտարարել է. «Մերժում ենք բոլոր պառակտիչ դրսևորումները՝ հավատարիմ մնալով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետական կարգին և իր գահակալ Վեհափառ Հայրապետին՝ Գարեգին Բ․ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Մեր ցանկությունն ու մաղթանքն է, որ Շվեյցարիահայ համայնքի հավատացյալ ժողովուրդը ապրի խաղաղ, մնա անսասան՝ իր պապենական հավատքի մեջ, որպես մէկ սիրտ և մեկ բռունցք շրջանցի այս դժվարին և մեր համայնքին անվայել օրերը»։

Ռումանիայի Հայոց թեմի քահանայից դասը հայտարարել է. «Որդիական հավատարմությամբ մեր անսասան նվիրվածությունն ենք հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալին՝ ազգիս Վեհափառ Հայրապետին` Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Դեմ ենք Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին, աղոթում ենք Հայոց Եկեղեցու անսասանության և մեր ժողովրդի միասնականության համար»։

Վիրահայոց պատմական թեմի պաշտոնատար աշխատակիցները նույնպես հայտարարությամբ են հանդես եկել. «Անհանգստությամբ հետևում ենք մեր հավատի ու ազգային ինքնության հենասյուն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ծավալված մտահոգիչ իրադարձություններին: Փորձություններով լի այս օրերին մենք՝ անսասան մեր հավատի մեջ, հաստատում ենք մեր հավատարմությունը և աջակցությունը աստվածահաստատ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, նրա Գահակալին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Վեահափառ Հայրապետին, ինչպես նաև մեր զորակցությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր մեր Սրբություն Սրբոցի պաշտպանության դիրքերում են»։

News.am