Логотип

Գյումրիում Ավետիսյանների սպանությունից անցել է 11 տարի

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունից անցել է 11 տարի։

Սարսափելի ողբերգությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին։ Ըստ մեղադրական եզրակացության՝ ռուսական բազայի զինվոր Վալերի Պերմյակովը ներխուժել է Ավետիսյանների տուն և գնդակահարել տան բնակիչներ Աիդա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Սերյոժա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին և փոքրիկ Հասմիկ Ավետիսյանին։ Այնուհետև նա սվինի հինգ հարված է հասցրել փոքրիկ Սերյոժա Ավետիսյանին։ Երեխան յոթ օր անց մահացել է հիվանդանոցում։

Վալերի Պերմյակովն իր գործողությունները բացատրել է նրանով, որ ցանկացել է տուն հասնել։ Պերմյակովն ինքնակամ լքել էր դասակը՝ իր հետ վերցնելով ինքնաձիգը։ Գիշերային Գյումրիում թափառելու ընթացքում նա ծարավել է և պատուհանը կոտրելով, ներս է մտել Ավետիսյանների տուն՝ ջուր խմելու համար, թեև շուրջբոլորը առատ ձյուն է եղել։

Աղմուկից արթնացած Աիդա Ավետիսյանը ճչացել է։ Վալերի Պերմյակովի պնդմամբ՝ ինքը վախեցել է և սկսել կրակել։ Ընդ որում, հարևաններից ոչ ոք կրակոցների ձայներ չի լսել։ Ընտանիքի հետ հաշվեհարդար տեսնելուց հետո Վալերի Պերմյակովը փոխել է շորերը՝ հագնելով տանը գտած հագուստը և դիմել փախուստի՝ տնից վերցնելով քիչ քանակությամբ գումար և սպանվածների բջջային հեռախոսները։ Միևնույն ժամանակ, նա Ավետիսյանների տանը թողել էր իր սեփական համազգեստը՝ տիրոջ անուն-ազգանվան նշումով, ինչպես նաև ինքնաձիգը։ Վալերի Պերմյակովը հայտնաբերվել է ռուս սահմանապահների կողմից «Բայանդուր» ուղեկալի տարածքում։

2015 թվականի օգոստոսի 12-ին Գյումրիում 5-րդ կայազորային դատարանի արտագնա նիստում Վալերի Պերմյակովը դասալքության համար դատապարտվել է տասը տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ հիմնարկում։

Օգոստոսի 23-ին Շիրակի մարզի դատարանի դատավորը Վալերի Պերմյակովին մեղավոր է ճանաչել մեղադրանքի բոլոր կետերով՝ Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության (104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 8-րդ կետեր), ավազակային հարձակման (175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետեր) և սահմանն ապօրինի հատելու փորձի (34-329-րդ հոդվածի 1-ին մաս) համար։

Պերմյակովն իր պատիժը կրում է ՀՀ սահմաններից դուրս։

News.am