Սիրելի դատավորներ, դուք ունեք այդ գործիքակազմը, որպեսզի պատասխանատվության կարողանաք ենթարկել իրավունքի չարաշահում թույլ տված դատավարության կողմերին։ Այս մասին այսօր՝ հունվարի 12–ին, «Դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման գործնական կամ ընթացակարգային խոչընդոտները» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Սիրելի դատավորներ, դուք միշտ ասում եք, որ ձեր վրա է թողնված բեռը վերջնական ակտ կայացնելու և հետևաբար ձեզ է ուղղված հանրության խոսքը, որը ոչ միշտ է գոհունակությամբ լցված, ասելով, որ այո մենք վերջին օղակն ենք, որը իրականացնում է դատաքննություն, բայց կան շատ սխալներ, որոնք թույլ են տրվել ժամանակին վարույթ իրականացնող այլ մարմինների կողմից և մենք չենք կարող ստանձնել դրա համար պատասխանատվություն։
Ես ուզում եմ, որ մենք հակառակ կողմից նայենք և հասկանանք, որ դատական իշխանությունը այն իշխանությունն է, որը գոնե թե այս պահին եղած օրենսդրական կարգավորումներով կարող է ստանձնել այդ պատասխանատվությունը։ Եվ պետք չէ մտածել վատամարդ չլինելու կամ սոցիալական կապերը վտանգելու մասին, և պետք է առաջ շարժվել այն ուղղությամբ, որ ձեր ձայնը լսելի դարձնեք և պետության համար և քաղաքացիների համար և ինչու ոչ որոշ դեպքերում օգտվեք ձեզ ընձեռնված օրենսդրական հնարավորություններից՝ մատնացույց անելու պետական մյուս մարմինների թերացումները. դրանք կլինեն վարչարարության թերացումներ, կլինեն դատախազության թերացումներ, քնչական մարմինների թերացումներ և այլն»,–ասաց նա։
Գալյանն ընդգծեց, որ դատական գործերի ողջամիտ ժամկետները պետք է հստակ լինեն և կանխատեսելի. «Դա է պատճառը, որ մենք որոշում ենք կայացրել, յուրաքանչյուր դատավարության համար ունենալ օրենսդրորեն սահմանված հստակ ժամկետ։ Ինչու՞ է այս որոշումը կայացվել, նախ, որպեսզի լինի հստակություն դատավարության բոլոր մասնակիցների համար, թե որքան կարող է տևել դատական գործի քննությունը մեր երկրում, և երկրորդ, եթե այդ ժամկետները երկարացվում են, դրանք ոչ թե երկարացվեն ուղղակի, այլ պատճառաբանված տարբերակով։
Եթե դրանք չլինեն պատճառաբանված, պաա խնդիր է առաջանալու գնահատել դատավորի վարքագիծը կարգապահության տեսանկյունից։ Այն ժամկետները, որոնք ընտրվել են մեր կողմից, ընտրվել են հաշվի առնելով բոլոր դատարանների ծանրաբեռնվածությունը և այն դատավորների հստակ օրինակը, որոնք կարողանում են ապահովել ողջամիտ ժամկետներում գործերի քննությունը»,– ասաց նա։
News.am
