Խաղաղություն հաստատելը բացարձակ է, բայց Հայաստանի ինքնիշխան տարածքներն օկուպացիայից ազատելը չենք կարող թողնել հետագային և մոռացության մատնել: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, ով նաև տեսանյութ է հրապարակել։
Նա, մասնավորապես, նշել է. «Չի կարելի ապրել մարող հույսերով, իսկ բանակցությունները չեն կարող ձևացնել, թե բռնությամբ տարածքների զավթումը գոյություն չունի:
Խաղաղություն հաստատելու հարցում ԱՄՆ-ի դերն իսկապես կարևոր է:
Պետք է հասնել նրան, որ ամերիկացի ու եվրոպացի միջնորդները հստակ հայտարարեն այն, ինչի մասին բոլորը գիտեն․ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են օկուպացրած պահել Հայաստանի ինքնիշխան տարածքը, և դա անհամատեղելի է որևէ արժանահավատ խաղաղ համաձայնագրի հետ»։
Բացի այդ տեսանյութում Թաթոյանն ընդգծել է. «Խաղաղություն հաստատելը բացարձակ կարևոր է, բայց Հայաստանի ինքնիշխան տարածքներն ադրբեջանական օկուպացիայից ազատելը չի կարելի թողնել հետագային և մոռացության մատնել։ Հենց այս մասին է ամերիկյան «Վաշինգթոն թայմս» պարբերականում հրապարակված իմ հոդվածը։ 2021 թվականից ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերից ավելի քան 200 քառակուսի կիլոմետր, իսկ փաստացի վերահսկողությամբ հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր ավելին տարածք։
Բազմաթիվ բանակցություններից հետո Հայաստանի տարածքի որևէ սանտիմետր չի վերադարձվել։ Օկուպացիոն որևէ ստորաբաժանում դուրս չի բերվել։ Զինված ուժով ստեղծված ռազմական իրողությունը պահպանվել է, մինչդեռ դիվանագիտությունը շարունակվում է այնպես, կարծես այդ փաստը երկրորդական է։
Գործընթացն իրականում պետք է կապվի պարտավորությունների հետ, հակառակ դեպքում սա վատ նախադեպ է, սխալ ուղերձ, թե ադրբեջանական ղեկավարությանը, թե վատ դերակատարներին ամբողջ աշխարհում, որ զենքով ձեռք բերված տարածքային նվաճումները կարելի է պահել անժամկետ, պայմանով, որ բանակցությունները շարունակվեն։
Սա ազդանշան է, որ եթե նրանք սպասեն, ապա ստացվում է, կարող են զավթածն օրինականացնել ու խուսափել պատասխանատվությունից։
Անցյալ տարվա օգոստոսին արձանագրված Թրամփի ուղուն վերաբերող համաձայնությունները հետաձգել, գուցե նույնիսկ տապալել են Սյունիքը զավթելու ադրբեջանական ծրագրերը։
Տրանսպորտային միջանցքների, տարածաշրջանային ինտեգրման կամ վստահության ամրապնդման մասին համաձայնությունները չեն կարող գոյություն ունենալ, եթե զուգահեռ շարունակվում է տարածքի բռնազավթումը։
ԱՄՆ-ում օգոստոսի 8-ի հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ հիվանդ բնորոշեց հայ հասարակությանը: Ադրբեջանը շարունակում է առաջ տանել պետական հովանավորությամբ նարատիվ, ըստ որի ամբողջ Հայաստանը հին ադրբեջանական հող է: Նման բառապաշարը անհամատեղելի է հաշտության հետ։ Սա ոչ թե համակեցության, այլ հիերարխիայի, ոչ թե փոխզիջման, այլ ճնշման ու ռասիզմի լեզու է։
Հարատև խաղաղությունը կհաստատվի միայն այն դեպքում, երբ բանակցությունները հիմնվեն պարզ սկզբունքի վրա։ Սահմանները չեն կարող փոխվել ուժով և օկուպացիան չի կարող նվեր տրվել ժամանակի ընթացքում։
Հենց այս տրամաբանությամբ էլ մենք շարժվելու ենք մեր կառավարման ժամանակ։ Հասնելու ենք խաղաղության, բայց այն չի լինելու խաղաղություն, որը զավթողի բարի կամքի հույսին է, այլ խաղաղություն, որն արդյունք է հաստատված կոնկրետ մեխանիզմներով ու երաշխիքներով»։
