Հայաստանը շարունակելու է ավելի վաղ ձեռք բերված ռուսական սպառազինության արդիականացումը։ Ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով ռազմական տեխնիկայի տեխնիկական սպասարկման մասին հարցին։
Նրա խոսքով՝ Սու-30 կործանիչների համար կա զինամթերքի բավարար պաշար, միաժամանակ սպասվում են լրացուցիչ մատակարարումներ: Պապիկյանն ընդգծեց, որ այդ ինքնաթիռները մարտական առումով բարձր արդյունավետություն ունեն։
«Սու-30–ները լավ կործանիչներ են, կարծում եմ` կարող են մեծ դեր ունենալ մեր երկրի հակաօդային և տարածքային ամբողջականության պաշտպանության գործում», — հայտարարեց նախարարը։
Պապիկյանն ընդգծեց, որ ՀՀ զինված ուժերը շարունակելու է զինվել նոր, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող տեխնիկայով: Բայց դա չի նշանակում հրաժարվել նախկինում ձեռք բերված սպառազինությունից։
«Մենք շարունակում ենք թարմացնել և ադապտացնել այդ տեխնիկան սպառազինության նոր համակարգերին։ Դա մեր այսօրվա ռեսուրսն է, իսկ արդիականացումը իր հերթին կարող է ունենալ մեծ նշանակություն։ Սա իրենից արժեք է ներկայացնում, և իրենից արծեք ներկայացնող յուրաքանչյուր սպառազինություն կարևոր է մեզ համար»,– ընդգծեց Պապիկյանը։
Նախարարը նաև հիշեցրեց, որ վերջին տարիներին Հայաստանի առանցքային ռազմատեխնիկական գործընկերներից մեկը դարձել է Հնդկաստանը, որտեղից գնվել են համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հրետանային համակարգեր և զենիթահրթիռային համալիրներ: Հայաստանը սպառազինության առանձին տեսակներ է ձեռք բերել նաև Ֆրանսիայից։
Sputnik Արմենիա
