ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է փաստաթուղթ, որով խրախուսման ֆոնդից շուրջ 3 մլրդ դրամ է հատկացվել ՀՀ վերնախավին պարգևավճարներ տալու համար։ Տեղեկությունը հայտնում է «Իշխանություն» լրատվականը, որի ձեռքում հայտնվել է մի փաստաթուղթ, որը գաղտնի է պահվում։
Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ փաստաթղթի 8-րդ կետում նշվում է, որ այն «հույժ գաղտնի» է։
«Խոսքը պետական բյուջեի խրախուսման ֆոնդից շուրջ 3 միլիարդ դրամի դուրսգրման մասին է, որն ուղղվել է վերնախավին՝ որպես պարգևատրում, և, որը ստացել են 13-րդ աշխատավարձի հետ միասին։ Նախարարները մեկ օրում ստացել են այնպիսի գումար, որը համարժեք է շուրջ 14 տարվա թոշակառուի ամբողջ թոշակին կամ միջին աշխատավարձ ստացող քաղաքացու մոտ 8 տարվա աշխատավարձին»,- գրել է լրատվականը։
Այսպես՝ բաժնի պետերը ստացել են մոտ 1,5–2 միլիոն դրամ, վարչության պետերը՝ 2,5–3 միլիոն դրամ, փոխնախարարները՝ 3,5–4,5 միլիոն դրամ, իսկ նախարարները՝ մինչև 6–7 միլիոն դրամ։
Հիշեցնենք, որ 2025–ի դեկտեմբերի 25–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ պետական ապարատը բարձր պարգևավճարներ է ստացել։ Նրա խոսքով՝ Հայաստանը հասել է այն կետին, որ պետական համակարգի ամբողջ բուրգում ներդրվի այս համակարգը։
«Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ տարեվերջին Ազգային Ժողովի կողմից տրված պարգևավճարն իրենց խմբակցության պատգամավորներն ուղղում են տարբեր խմբերի սոցիալական աջակցությանը։
Sputnik Արմենիա
