Հայաստանը ԵԱՏՄ–ում կմնա այնքան ժամանակ, որքան դա հնարավոր կլինի: Այդ մասին այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում անցկացվող «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ժամանակ։
Միաժամանակ նա ասաց, որ ՀՀ կառավարությունն իրեն հաշիվ է տալիս, որ չեն կարող լինել և՛ԵՄ, և՛ԵԱՏՄանդամ։
«Հիմա այլ իրողություն է պարզվում, որ, այնուամենայնիվ, տարածք կա, որ այս ճանապարհով գնանք, և լինել ԵԱՏՄ անդամ։ Մենք հիմա այդ տարածքի մեջ ենք։ Մենք ձև չենք անում, մենք հստակ հայտարարում ենք, որ գնում ենք ԵՄ ճանապարհով, սակայն մենք այսօր ԵԱՏՄ անդամ ենք, ու դա նշանակում է, որ այս կետում անհամատեղելիություն չկա, հակառակ դեպքում դա հնարավոր չէր լինի։ Հետևաբար, այնքան, որքան համատեղելիությունը հնարավոր լինի, մենք կշարունակենք մնալ նաև ԵԱՏՄ անդամ։ Երբ անհամատեղելիության անհնարինություն կարձանագրվի, մենք ՀՀ քաղաքացիների հետ կկայացնենք այն որոշումը, որը կբխի ՀՀ ժողովրդի ազատ կամարտահայտությունից»,– հայտարարեց նա։
Փաշինյանը նաև կարևորեց Եվրամիությանն անդամագրվելու գործընթաց սկսելու մասին 2025 թվականին ԱԺ–ում ընդունված օրենքը։
«Սա անկյունաքարային նշանակություն ունի առաջին հերթին մեր երկրի անկախության և ինքնիշխանության ապահովման ու ավելի բարձր մակարդակ ապահովելու տեսանկյունից։ Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել ՀՀ կառավարության ընկալումն այս հարցում. արդյոք մենք ուզո՞ւմ ենք լինել ԵՄ լիիրավ անդամ` այո, աներկբա և միանշանակ։ Մենք մեզ հաշիվ ենք տալիս, ու նախորդող շրջանի փորձը դա ցույց տվեց, որ երկրին չեն ընդունում Եվրամիություն, քանի դեռ տվյալ երկիրը չի համապատասխանել ԵՄ չափանիշներին»,– ընդգծեց նա։
Վարչապետի խոսքով` ՀՀ ռազմավարությունն այն է, որ հստակ պետք է գնան նրան, որ երկիրը համապատասխանի ԵՄ չափանիշներին։ Ըստ նրա` երբ սա տեղի ունենա, ապա կգա քաղաքական որոշում կայացնելու պահը։
Sputnik Արմենիա
