Логотип

Տեր Մանուկ․ Գնդերեցներին սպառնացել են, թե կզրկվեն աշխատավարձից

Հայր Հովհաննես Թորգոմյանը երեկ ահազանգել էր, որ ՀՀ Զինված ուժերում ծառայող գնդերեց եղբայրներին տարբեր ձևերով և մեթոդներով փորձում են ներքաշել ազգակործան, տիրադավ և հայրենադավ, կեղծ բարենորոգման արհեստական շարժման և օրակարգի մեջ:

ՀՀ պաշտպանության նախարարությունից դեռ այս հայտարարությանն արձագանք չկա։

Արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը, ով ժամանակին ծառայություն է իրականացրել որպես գնդերեց, պնդում է՝ երբևէ այսպիսի իրավիճակ չի եղել, որ գնդերեցներին սպառնալիքով ներքաշեն ինչ-որ գործընթացների մեջ։

«Իսկ հիմա, ցավալիորեն, որոշ գնդերեցների բարձրաստիճան զինվորականները կանչել են ու հրահանգել են թուղթ ստորագրել։ Չի՛ կարելի, պաշտոնական դիրքի չարաշահումն ինչ կարգի հանցագործություն է՝ բոլորս գիտենք, Դանիել Իոաննիսյան կա, Արագածոտնի թեմի բոլոր քահանաների մասին հանցագործության մասին հաղորդում է տվել, նույն Դանիել Իոաննիսյանը թող հենց հիմա հաղորդում տա, որ բարձրաստիճան զինվորականները՝ գնդապետներ, անգամ գեներալ, գնդերեցներին սպառնում են։ Ամոթ չէ՞, այս ի՞նչ երկրում ենք մենք ապրում»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Տեր Մանուկը։

Տեր Հոր խոսքով՝ գնդերեցները եղել են բանակի սիրտը, որ զորքի հետ պատերազմի ժամանակ գնդերեց է եղել, այդ զորքն ամենաքիչ զոհն է տվել ու քաջալերված, ոգով ամուր վերադարձել է պատերազմից։

Տեր Մանուկն ասաց, որ շնորհիվ գնդերեցների՝ այս տարիների ընթացքում բանակում զգալի նվազել է ինքնասպանությունների թիվը, բանակի ներսում եղած տղայական խոսակցությունների ու կռիվների թիվը, որովհետև գնդերեցները բարոյահոգեբանական հարցերն այնքան կատարյալ են կազմարկեպում, որ բանակի բարոյահոգեբանական գծով ներկայացուցիչների ու նրանց տեղակալների, հոգեբանների գործը զգալի նվազել է։

«Իրենք են անգամ ասում, թե մեր գդերեցները որքան օգուտ են տվել բանակին իրենց բարի ծառայությամբ»,- նշեց Տեր Հայրը։

Տեր Մանուկն ասաց, որ գնդերեցներին սպառնացել են ու ասել, թե կզրկվեն աշխատավարձից, կհանեն ծառայությունից և այլն։

«Ի՞նչ է, մենք հաց փորի համա՞ր ենք ծառայում, ասել են՝ մի քիչ ճկուն եղեք ու սրանք հիմնականում այն մարդիկ են, ովքեր պատերազմից փախան, իսկ ամենալավ տղերքը գնացին, զոհվեցին։ Ամո՛թ իրենց, հազա՛ր ամոթ»,- նշեց Տեր Մանուկը։

Տեր Հայրը չի հավատում, որ Հայաստանում երբևէ կլինի արդարադատություն, հույսը կտրել է Տեր Հայրը, իբրև հոգևորական ու ուղղակի հայ մարդ՝ միակ հույսն Աստված է։

«Իրենք Աստծո դատաստանի առաջ են կանգնելու»,- ասաց Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը։

Գնդերեցների մեծ մասը հրաժարվել է մաս կազմել տիրադավների՝ եկեղեցու դեմ արշավին, բայց կան նաև մի քանիսը, ովքեր համաձայնություն են տվել։

Տեր Մանուկը վստահ է՝ Մայր Աթոռը մնալու է անսասան, անսասան է մնալու նաև Վեհափառ Հայրապետը։

«Այս ամենն անցնելու է, կգա մի օր, որ Վեհափառն էլ Վեհափառ չի լինի, մարդ է՝ կհասնի ծերության ու Վեհափառ չի լինի, բայց մենք հոգևոր եղբայրներով իրար աչքերի մեջ պիտի նայե՞նք, թե՞ ոչ։ Փետրվարին Ղևոնդյանց քահանաների տոնն է, նրանք, ովքեր միացել են տիրադավներին, ի՞նչ ձևով են իրենց հավատացյալներից ու հոգևոր եղբայրներից շնորհավորանք ընդունելու, չէ՞ որ մենք Ղևոնդյանց քահանաների հետնորդներն ենք։ Չգիտեմ, ես շատ եմ ամաչում, որ այս կարգի դավաճանական հոգով հոգևորականներ ենք ունեցել, ուղղակի փող աշխատողներ են եղել, նրանք եկեղեցին ու ժողովրդին չեն սիրել, ամո՛թ իրենց»,-հավելեց Տեր Մանուկը։