Հայաստանի ԱԳՆ-ն 1990 թ. Բաքվում հայերի ջարդերի տարելիցի կապակցությամբ գրառում է արել Twitter–ում` բավարարվելով 3 նախադասությամբ։
«Այս օրերին մենք ոգեկոչում ենք Ադրբեջանական ԽՍՀ-ում Բաքվի հայերի դեմ բռնությունների 36-րդ տարելիցի զոհերի հիշատակը։ Քանի որ մենք բռնել ենք խաղաղության ճանապարհը, ընդգծում ենք, որ նման գործողություններից միանշանակ հրաժարվելը, զուգորդված իսկական հաշտեցման և Հարավային Կովկասում կայուն խաղաղության հանձնառության հետ, կարող է երաշխավորել, որ նման ողբերգությունները երբեք չկրկնվեն»,- նշել է ԱԳՆ–ն:
Հիշեցնենք` 1988թ. փետրվարի 26–29–ը Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի զանգվածային թալանով և ոչնչացմամբ:
1990թ. հունվարի 13–19–ը հայերի զանգվածային ջարդեր իրականացվեցին արդեն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Փաստերը թաքցնելու և դրանք չբարձրաձայնելու պատճառով հնարավոր չի եղել հաշվել Բաքվում սպանված և ջարդերի հետևանքով մահացած հայերի ստույգ թիվը, սակայն, ըստ տարբեր տվյալների, 1988-1990 թվականներին 500-600 հայ է սպանվել։
1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին Ադրբեջանում տեղի ունեցած հայերի ջարդերի հետևանքով երկրից արտաքսվեց մոտ 400 000 հայ բնակչություն։
Sputnik Արմենիա
