Логотип

ԱՄՆ-ն ո՞ր վիզաներն է կասեցրել Հայաստանի ու ևս 74 երկրի քաղաքացիների համար

ԱՄՆ Պետդեպարտամենտը կասեցնում է միայն ներգաղթային վիզաների տրամադրումը Հայաստանի և 74 այլ երկրների քաղաքացիներին։

Ավելի վաղ «Fox News» հեռուստաալիքը հայտնել էր, որ ԱՄՆ-ն կդադարի այդ պետությունների քաղաքացիներին տրամադրել բոլոր տեսակի վիզաները, սակայն ավելի ուշ փոփոխություն էր կատարել նյութում` նշելով, որ որոշումը վերաբերում է միայն ներգաղթային վիզաներին։

«Պետդեպը դադարեցնում է ներգաղթային մուտքի արտոնագրերի տրամադրումը 75 երկրի համար, որտեղից ժամանած միգրանտները անթույլատրելի բարձր սոցիալական նպաստներ են ստանում ԱՄՆ ժողովրդի հաշվին», – ասվում է X սոցցանցում հրապարակված հաղորդագրության մեջ։

Պետդեպարտամենտում ընդգծել են, որ սառեցումը կգործի այնքան ժամանակ, մինչև ԱՄՆ-ն կհամոզվի, որ նոր միգրանտները «ամերիկացիների հաշվին չեն ապրում»։

Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Թոմի Փիգոտը հայտարարել է, որ գերատեսչությունը կօգտագործի իր լիազորությունները, որպեսզի արգելի այն ներգաղթյալների մուտքը, որոնք կարող են բեռ դառնալ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։

Որոշումն ուժի մեջ կմտնի հունվարի 21-ին։ Ռուսաստանից բացի, սահմանափակումները կտարածվեն Իրանի, Իրաքի, Բրազիլիայի, Եգիպտոսի, Թաիլանդի և այլ երկրների վրա։

Sputnik Արմենիա