Логотип

Արագածոտնի թեմը չեղարկում է դեպի Հովհաննավանք ուխտագնացությունը

Արագածոտնի թեմը բախումներից խուսափելու համար չեղարկում է Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցուց Հովհաննավանք նախապես հայտարարված ուխտագնացություն-ուխտերթը։

Վաղը` հունվարի 15-ին Հայ առաքելական սուրբ եկեղեցին նշում է Սուրբ Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնը։ Այդ օրը նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի անվանակոչության օրն է։ Արագածոտնի թեմը հունվարի 10–ին հայտնել էր, որ Սուրբ Հովհաննես Մկրտչի տոնի առիթով ուխտագնացություն-խաչերթ կանցկացվի Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցուց դեպի Հովհաննավանք, որտեղ ամփոփված են Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքները։

«Մեզ հասած տեղեկություններով` վաղը Հովհաննավանքում հնարավոր են սադրիչ գործողություններ սուրբ պատարագը թույլ չտալու համար: Քանի որ մեզ համար կարևոր է, որպեսզի Սուրբ օրը չնշանավորվի տհաճ իրադարձություններով, ուստի հնարավոր բախումներից, անախորժություններից և տհաճ միջադեպերից խուսափելու, ուխտավորների հոգևոր խաղաղությունը, ապրումները, ինչպես նաև տոնի վեհությունն ու խորհուրդը չանարգելու նպատակով Սուրբ Հովհաննես Մկրտչի տոնի առիթով Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցուց Հովհաննավանք նախապես հայտարարված ուխտագնացություն-ուխտերթի փոխարեն սուրբ և անմահ պատարագ կմատուցվի Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցում»,– հայտարարել է Արագածոտի թեմը։

Կարբի Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագը կմատուցի Աշտարակի հովվության հոգևոր հովիվ տեր Մկրտիչ քահանա Երանյանը:

Տոնի առիթով Գարեգին Երկրորդի տնօրինությամբ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից Կարբի կբերվի Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը։ Պատարագի սկիզբը՝ ժամը 10:30:

Sputnik Արմենիա