Հայաստանի կառավարությունը մեկնարկում է հայ-ամերիկյան համատեղ հայտարարության դրույթների կյանքի կոչման գործնական փուլը, որը ենթադրում է տարածաշրջանային ենթակառուցվածքների շուտափույթ գործարկում։ Հունվարի 15-ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պետական գերատեսչություններին առանց հապաղելու սկսել իրավական և տեխնիկական նախապատրաստական աշխատանքները՝ չսպասելով պաշտոնական դիմումների մուտքագրմանը։
Գործադիրի ղեկավարը TRIPP ծրագրի իրագործման շրջանակի վերաբերյալ Վաշինգտոնի և Երևանի համատեղ հայտարարությունը որակել է որպես 2025 թվականի օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների տրամաբանական շարունակություն և տարածաշրջանային ապաշրջափակման անկյունաքար։ Ըստ Փաշինյանի՝ խաղաղության գործընթացը քաղաքական հարթությունից տեղափոխվում է «գետնի վրա» աշխատանքի դաշտ, ինչը պահանջում է հրատապ լուծել Հայաստանում TRIPP ընկերության հիմնադրման, երթուղիների հստակեցման, հողահատկացման և շինթույլտվությունների հետ կապված հարցերը։
Վարչապետն անդրադարձել է նաև գործընթացի սոցիալ-հոգեբանական բաղադրիչին՝ ընդգծելով, որ 35 տարվա հակամարտությունից հետո պետությունն ու հանրությունը դժվարությամբ, բայց հետևողականորեն սովորում են ապրել խաղաղության պայմաններում։ Նա շեշտել է, որ ենթակառուցվածքային ծրագրերի փաստացի մեկնարկը կնպաստի հանրային գիտակցության մեջ կոնֆլիկտային տրամաբանության հաղթահարմանը և խաղաղության ամրապնդմանը։
Verelq.am
