Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը ողջունել է Բաքվից չորս հայ գերիների վերադարձը հայրենիք, տեղեկանում ենք Մայր Աթոռի հաղորդագրությունից։
Կաթողիկոսը մաղթել է, որ նրանք Աստծո օրհնությամբ վերականգնեն կյանքի խաղաղ ու բնականոն ընթացքը՝ ընտանիքների և սիրելիների հետ։
«Մխիթարություն և հոգու ուրախություն էր մեզ համար տեղեկանալ Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող չորս հայորդու հայրենիք վերադարձի մասին։ Մեր աղոթքն է, որ բոլոր գերյալները շուտափույթ և ապահովաբար վերադառնան հայրենիք»,- ասված է վեհափառի ուղերձում։
Հայտարարության մեջ ընդգծվում է խաղաղության պահպանման կարևորությունը՝ աշխարհի, Հայաստանի և ամբողջ հայ ժողովրդի համար։
Հունվարի 14-ին Ադրբեջանը Հայաստանին էր վերադարձրել չորս գերու՝ Գևորգ Սուջյանին, Դավիթ Դավթյանին, Վիգեն Էուլջեքչյանին և Վագիֆ Խաչատրյանին։ ԱԱԾ-ն հայտնել էր, որ նրանց վերադարձի գործընթացն իրականացվել է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործնական արդյունք:
Չորս հայ ռազմագերիներից երեքը գերեվարվել էին 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակահատվածում, իսկ մեկը՝ դրա ավարտից հետո՝ Արցախի շրջափակման ժամանակ: Սուջյանը և Դավթյանը գերեվարվել էին 2020 թվականի նոյեմբերի 11-ին՝ հրադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու հաջորդ օրը, դեպի Արցախ հումանիտար օգնություն տեղափոխելիս:
Ադրբեջանում երկուսն էլ դատապարտվել էին 15 տարվա ազատազրկման՝ «զենքի ապօրինի պահման» և «լրտեսության» մեղադրանքներով: Լիբանանահայ Էուլջեքչյանը բերման էր ենթարկվել 2020 թվականի նոյեմբերի 10-ին Շուշիում՝ մարտական գործողությունների ավարտի հաջորդ օրը: 2021 թվականի հունիսի 14-ին Բաքվի զինվորական դատարանը նրան դատապարտել էր 20 տարվա ազատազրկման՝ «վարձկանության» և «ահաբեկչության» մեղադրանքներով:
Արցախի բնակիչ Խաչատրյանը գերեվարվել էր 2023 թվականի հուլիսի 29-ին՝ Հակարիի կամրջի մոտ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ շրջափակման մեջ գտնվող Արցախից Հայաստան տեղափոխվելիս: Նա անցնում էր 1991 թվականի դեկտեմբերի 22-ի ենթադրյալ «ցեղասպանության» գործով:
Ադրբեջանում մինչ այս պահվում էր 23 հայ գերի, 4 գերիների վերադարձից հետո այժմ նրանց թիվը 19 է։ Գերիների թվում են Արցախի ռազմաքաղաքական առաջնորդները, որոնց դատավարություններն սկսվել էին 2025-ի հունվարի 17-ին։
Armenia Today
