Логотип

Խնդրում ենք ՌԴ գործընկերներին որոշում կայացնել․ Փաշինյանը՝ երկաթուղու վերականգնման մասին

ՀՀ կառավարությունն ակնկալում է, որ Ռուսաստանը սեղմ ժամկետում կարձագանքի երկաթուղու՝ դեպի Ադրբեջան և Թուրքիա մի քանի հատվածների շտապ վերականգնման հարցին։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ արձագանքելով լրագրողի հարցին, թե որն է պատշաճ ժամկետն աշխատանքներն իրականացնելու համար։

«Մենք սպասում ենք ՌԴ մեր գործընկերների արձագանքին։ Իսկ ինչ վերաբերում է պատշաճ ժամկետներին, երեկվա իրադարձությունից հետո (նկատի ունի ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումից հետո հայտարարության տարածումը–խմբ.) պատշաճ ժամկետը հիմա է, և մեր ցանկությունն է, որ դա հիմա արվի, որովհետև պրոցեսներ են տեղի ունենում, որոնց մասին կիրազեկվեք։ Այդ պրոցեսները ենթադրում են, որ դա պետք է հնարավորինս արագ արվի։ Մենք խնդրում ենք Ռուսաստանի մեր գործընկերներին, որ այս հարցում որոշում կայացվի»,- ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ 2025թ–ի դեկտեմբերի 18-ի ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ դիմել է Ռուսաստանին երկաթուղու՝ դեպի Ադրբեջան և Թուրքիա մի քանի հատվածների շտապ վերականգնման համար։

Դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում նա այդ թեման արծարծել է նաև Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Դրանից օրեր անց լրագրողների հետ զրույցում նա նաև հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է ռուսական կոնցեսիոն կառավարումից հետ վերցնել երկաթուղային հատվածները և իր միջոցներով վերանորոգել։

Sputnik Արմենիա