Ըստ SSRS հարթակի անցկացրած CNN-ի նոր հարցման արդյունքների՝ հարցված ամերիկացիների երեք քառորդը դեմ է Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողությունը հաստատելու ԱՄՆ փորձերին, ինչը ցույց է տալիս, որ նախագահ Դոնալդ Թրամփի տարածքային ընդլայնման ձգտումը բախվում է հանրային կոշտ դիմադրության։
Հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների միայն 25%-ն է հավանություն տալիս Դանիայի տարածքի նկատմամբ Միացյալ Նահանգների վերահսկողությունը հաստատելու փորձին։
Հարցման արդյունքներով՝ նույնիսկ ԱՄՆ նախագահի կողմնակիցները մոտավորապես հավասարապես բաժանված էին. հանրապետականների և հանրապետական հակում ունեցող անկախների 50%-ը նշել է, որ աջակցում է Թրամփի տարածքային ընդլայնման ձգտմանը, մինչդեռ 50%-ը դեմ է դրան։ Դեմոկրատները և դեմոկրատական հայացքներ ունեցող անկախները կտրականապես դեմ են եղել, ընդհանուր առմամբ՝ 94%-ը դեմ է եղել Թրամփի ձգտմանը, որոնց թվում՝ 80%-ը, որոնք հայտարարել են, որ կտրականապես դեմ են Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողությունը հաստատելու Միացյալ Նահանգների փորձերին։
Մոտավորապես 10-ից 8 անկախ հարցված, ովքեր հակված չեն որևէ կուսակցության, ևս դեմ են հանդես եկել Թրամփի տարածքային ընդլայնման ձգտմանը։
10-ից գրեթե 6 ամերիկացի մտահոգված է, որ Թրամփը չափազանց հեռու է գնացել այլ երկրներում ամերիկյան ազդեցությունն ընդլայնելու իր փորձերում։ Միայն մեկ երրորդն է կարծում, որ այդ հարցում նրա ջանքերը ճիշտ են եղել։ Եվ մեծամասնությունը (55%) կարծում է, որ նա արդեն չափն անցել է՝ օգտագործելով ԱՄՆ զինված ուժերն իր նպատակներին հասնելու համար։
Ավելի ու ավելի շատ մարդիկ են համարում, որ Թրամփի այս տարվա արտաքին քաղաքականությանն առնչվող որոշումները խաթարել են Ամերիկայի հեղինակությունն աշխարհում. նման կերպ են կարծում է հարցվածների 57%-ը, այն դեպքում, երբ նախորդ ամռանը այդ ցուցնիշը կազմում էր 53%։
News.am
