Логотип

Քննչական մարմինը միջնորդել է երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը

ՀՀ քննչական կոմիտեն միջնորդել է երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին հայտնում է Կարապետյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը։

«Քննչական մարմինը ներկայացրել է տնային կալանքի երկարաձգման միջնորդություն, քանի որ օրենքի ուժով այլ միջնորդությամբ չեն կարող հանդես գալ»,- գրել է Վարդևանյանը։

Քննիչը միջնորդությունը ներկայացրել է հունվարի 13-ին, վարույթ է ընդունվել հունվարի 14-ին։ Ըստ օրենքի՝ առավել խիստ խափանման միջոցի վերաբերյալ միջնորդություն կարող է ներկայացվել, եթե, օրինակ, տնային կալանքի դեպքում խախտում տեղի ունենար։

Նշենք, որ հունվարի 5-ին դատախազությունը մուտքագրել էր վերաքննիչ բողոք՝ Սամվել Կարապետյանի կալանքի պահանջով: Վերաքննիչ դատարանը հունվարի 12-ին վարույթ էր ընդունել դատախազի և նաև Կարապետյանի պաշտպանական խմբի բերած բողոքները։ Որոշման հրապարակման օր էր սահմանվել հունվարի 16-ը: Միաժամանակ քննչական մարմնի ներկայացրած միջնորդության վերաբերյալ նիստը Հակակոռուպցիոն դատարանում նշանակվել է կրկին այսօր՝ հունվարի 16-ին։

Վարդևանյանի խոսքով՝ եթե խոսում ենք իրավունքի և իրավաբանության տեսանկյունից, ապա դատախազության ներկայացրած բողոքի վերաբերյալ որոշման հրապարակում այսօր այլևս չի կարող լինել։

«Քաղաքական հետապնդման այսօրվա զարգացումների վերաբերյալ առանձին կտեղեկացնենք»,- իր գրառման մեջ նշել է Վարդևանյանը։

Հավելենք, որ Սամվել Կարապետյանն այսօրվա դատական նիստին չի մասնակցելու։

Պատճառների մասին պաշտպանը չցանկացավ խոսել։ Ինչ վերաբերում է Կարապետյանի առողջական վիճակին, Վարդևանյանը նշեց, որ այս փուլում նրա առողջական վիճակի վերաբերյալ ևս լրացուցիչ տեղեկություններ չեն հայտնում։

Sputnik Արմենիա