Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուպերը դեմ է արտահայտվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության վերսկսմանը։ Նա այս հայտարարությունն արել է Politico-ի հարցազրույցում՝ մեկնաբանելով Ֆրանսիայի և Իտալիայի առաջնորդների նախաձեռնությունը՝ բանակցելու Մոսկվայի հետ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը դադարեցնելու համար։
«Կարծում եմ՝ մեզ անհրաժեշտ են ապացույցներ, որ Պուտինն իսկապես խաղաղություն է ուզում, այս պահին ես դա չեմ տեսնում»,- ասել է Քուպերը։
Նա նշել է, որ Ուկրաինան, ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ միասին, աշխատում է խաղաղության համաձայնագրի մշակման ուղղությամբ, բայց դեռևս չկան նշաններ, որ Պուտինը «պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ կամ սկսել քննարկումներ»։
Նրա կարծիքով՝ արևմտյան երկրները պետք է պատրաստ լինեն մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ թե՛ տնտեսապես, թե՛ Ուկրաինային ռազմական աջակցության միջոցով։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 2025թ․ դեկտեմբերին հայտարարել է, որ Եվրոպան «կշահի» Պուտինի հետ երկխոսության վերսկսումից։ Նա կարծում է, որ եվրոպացիները պետք է գտնեն դա անելու եղանակներ «առաջիկա շաբաթների ընթացքում»։ Կրեմլը հայտարարել է Մակրոնի հետ երկխոսության պատրաստակամության մասին։ Ի պատասխան՝ Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ առաջիկա օրերին նրանք «կորոշեն գործողությունների լավագույն ընթացքը»։ Վերջին անգամ Մակրոնը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել 2025թ․ հուլիսի 1-ին, դա նրանց առաջին զրույցն էր 2022թ․ սեպտեմբերից ի վեր։
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին տարեկզբին հայտարարել էր, որ ժամանակն է, որ Եվրոպան բանակցություններ սկսի Ռուսաստանի հետ, սակայն դա պահանջում է բոլոր երկրների համար ընդհանուր դիրքորոշման մշակում։
Politico-ի տվյալներով՝ մի շարք եվրոպական կառավարություններ կոչ են անում ԵՄ ղեկավարությանը նշանակել առանձին ներկայացուցիչ՝ Ռուսաստանի հետ ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման շուրջ բանակցություններ վարելու համար։ Նրանք վախենում են, որ Վաշինգտոնն առանց իրենց կհամաձայնի Մոսկվայի հետ։ Ֆրանսիան և Իտալիան, ի թիվս այլոց, այս ծրագրի կողմնակիցներն են։ Նրանք ստացել են Եվրահանձնաժողովի և մի շարք այլ երկրների աջակցությունը։
News.am
