Ազգային ժողովում այսօր միջադեպ տեղի ունեցավ. պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի Անդրանիկ Քոչարյանը դահլիճից դուրս հրավիրեց «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներ Քնար Մանուկյանին և Սոնա Գրիգորյանին։
Այս լրագրողների մուտքը խորհրդարան արգելել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, սակայն այսսօր նրանց անցագիր էր տրամադրել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը սկզբում դեմ չէր, որ լրագրողները ներկա լինեն նիստին, սակայն կարճ ժամանակ անց, երբ անվտանգության աշխատակիցները մտան դահլիճ, նա պահանջեց, որ լրագրողները դուրս գան։
Ի պաշտպանություն լրագրողների հանդես եկավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, որի հեղինակած նախագիծն այդ պահին քննարկվում էր նիստի ժամանակ։ «Ներկայացրեք ձեր պահանջի օրինական հիմքերը»,– ասաց պատգամավորը։
Անվտանգության աշխատակիցը պնդեց, որ կա ԱԺ աշխատակազմի ղեկավարի ցուցում, որ լրագրողները դուրս գան, ի պատասխան լրագրող Քնար Մանուկյանը հայտարարեց, որ կհանդիպեն դատարանում։
Կարճ ժամանակ անց անվտանգության աշխատակիցները լքեցին դահլիճը, իսկ լրագրողները մնացին, սակայն Քոչարյանը հայտարարեց, որ կա ԱԺ կանոնակարգի խախտում, ու լրագրողները պետք է դուրս գան դահլիճից, թեև սկզբից համաձայնել էր, որ նրանք ներկա լինեն նիստին։
«Ալեն Սիմոնյանի դուքյանն եք դարձրել»,– հայտարարեց Քնար Մանուկյանը։
«Այո՛, հիմա դուրս եկեք, որպեսզի դուքյան չլինի»,– արձագանքեց Քոչարյանը։
Լրագրողները ստիպված դուրս եկան` հայտարարելով, որ Գեղամ Մանուկյանն է իրենց անցագիր իջեցրել, որին ի պատասխան Քոչարյանն ասաց, թե Գեղամ Մանուկյանը կարող է իր սենյակ հրավիրել, այլ ոչ թե հանձնաժողովի նիստին։
ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը եկավ միջադեպի վայր ու պահանջեց, որ լրագրողները դուրս գան խորհրդարանից։ Անվտանգության աշխատակիցները սկզբում համաձայնեցին լրագրողներին ուղեկցել Գեղամ Մանուկյանի աշխատասենյակ, սակայն երբ Քնար Մանուկյանը փորձեց ցույց տալ այն վայրը, որտեղ զրույց է ունեցել ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ, և նա հայտարարել է, որ «Ժողովուրդ» օրաթերթը կզրկվի հավատարմագրումից, իրարանցում սկսվեց ։ Լրագրողներին միանգամից դուրս հանեցին ԱԺ շենքից։
«Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանը հայտարարեց` պատասխանատվության են կանչելու ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին, քարտուղար Արթուր Հովհաննիսյանին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին և ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանին։
Sputnik Արմենիա
