«Սա քաղաքական կոռուպցիայի դրսևորում է»,- Panorama.am-ի հետ զրույցում «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն այսպես գնահատեց պետական համակարգում 2025 թվականի վերջին բարձր պարգևավճարներ վճարելը։
Նա նշեց, որ նախորդ տարիներին կամ այդքան պարգևավճարներ չեն տրվել, կամ աղմուկ չի բարձրացվել։
«Իսկ քանի որ այս տարին ընտրական է ու այսքան պարգևաճվար է վճարվում, դա արդեն քաղաքական կոռուպցիա է այն իմաստով, որ ում վճարում են, նրանք պետք է խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկեն իրենց, նաև համոզեն ուրիշներին, նրանք էլ քվեարկեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։
Այդ իմաստով է քաղաքական։ Այսինքն, գումարները երբ որ տալիս են, ակնկալիք ունեն, սիրուն աչքերի կամ կատարողականի համար այդքան գումար չէին տա»,- ասաց Վ.Հոկտանյանը։
Նա նշեց, որ դեռևս դեկտեմբերի 25-ին բարձրաձայնել էր՝ կառավարման պահուստային ֆոնդից 3 միլիարդ 583 միլիոն 509 հազար դրամ է ուղղվել պարգևավճարների վճարմանը։
Որպես պարգևավճարների վճարման հիմք՝ Վ.Հոկտանյանը կառավարության երկու որոշում նշեց. 2025 թ. դեկտեմբերի 4-ին ընդունված «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և պետական մարմիններին գումար հատկացնելու մասին» թիվ 1763-Ն որոշում, որով հաստատվել են կառավարման մարմնի խրախուսման ֆոնդի մեծության հաշվարկի համար հիմք հանդիսացող պաշտոնների յուրաքանչյուր խմբի գործակիցները: Եվ՝ 2025թ. նոյեմբերի 27-ին ընդունած «Պետական կառավարման համակարգի առանձին մարմինների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսման պիլոտային կարգը և պետական կառավարման համակարգի առանձին մարմինների ցանկը հաստատելու մասին» որոշումը։ Այս որոշումների հիման վրա էլ պետական համակարգին հատկացվել է մոտ 381 մլն 848 հազ. դրամ պարգևավճարը:
Կառավարության անդամներին միլիարդավոր դրամների պարգևավճարներ տալու փաստը հասարկական, քաղաքական տարբեր գործիչներ, նաև տնտեսագետներ որակեցին նաև որպես թալան բյուջեից։
Վ.Հոկտանյանը նախ հիշեցրեց, որ երեկ Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ նախարարները, փոխնախարարները, վարչության պետերը, այդքան գումար չստանան, չեն աշխատի և այլն, դրա համար այդքան գումար են տալիս, որպեսզի մնան հանրային սեկտորում։ Նա նշեց, որ մշտապես ասել է՝ կատարողականով պետք է դատել, այսինքն՝ մնալ-չմնալու հարց չէ, լավ աշխատել-վատ աշխատելու հարց է։
«Կարող է տարօրինակ թվալ, բայց բյուջեի թալան չէի անվանի, եթե ապացուցվեր, թափանցիկ ձևով ցույց տրվեր, որ իրենց արած աշխատանքը օգուտ է տվել։ Այդ դեպքում, խնդրեմ, հասկացանք, ժողովրդական լեզվով ասած՝ հալալ է, չնայած կարելի էր այլ նպատակներով էլ այդ 3.5 միլիարդը ծախսել։
Բայց եթե փորձագետները, մասնագետներն ուսումնասիրեն ու ցույց տան, գնահատեն կատարողականը՝ ոչ նորմալ, իրականում արժանի չէին այդքան պարգևավճար ստանալուն, այդ դեպքում ուրեմն թալան է»,- ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։
