Արդեն 20-25 հազար արցախցի է արտագաղթել Հայաստանից։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարեց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության կողմից բավարար աջակցություն չի տրամադրվում, իսկ բազմաթիվ արցախցիներ աջակցության կարիք ունեն։ Եվ այդ կարիքից դրդված էլ ստեղծվել է Արցախի բարեգործական հիմնադրամը։
Իսկանդարյանը հայտնեց, որ հիմնադրամին նվիրատվություններ անելու և արցախցիների խնդիրները մասնակի մեղմելու համար դիմել է Հայաստանի խոշոր հարկատուներին, արցախցի ու հայաստանցի գործարարների, քաղաքական, հասարակական գործիչների, շատերից մերժում է ստացել։
Արձագանքողներից է եղել գործարար Սամվել Կարապետյանը, որն աջակցություն է տրամադրել բենզինի պահեստի պայթյունից զոհվածների 238 ընտանիքներին և սեպտեմբերի 19-20-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված 22 հայրենակիցների ընտանիքներին։ Նրա խոսքով՝ պայթյունից զոհվածների ընտանիքներն ամենախոցելի վիճակում են։
«Նրանք մինչ օրս կարգավիճակ չունեն, ՀՀ կառավարությունը մատների արանքով է նայում այս հարցին»,- ասաց նա։
Արձագանքողների թվում են եղել նաև Արցախի ազատամարտիկների միությունը, Գագիկ Ծառուկյանը, Լևոն Քոչարյանը, Սիրուշոն և ուրիշներ։
«Տարեվերջին դիտում էի Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսը, երբ ներկայացնում էր, թե ինչ ծրագրեր են իրականացվում արցախցիների համար, ոսկեղենիկ հայերենով այնպես էր նկարագրված, որ մի պահ ինքս էլ զարմացա, եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչու է մեր ժողովուրդն այդքան վատ»,- նշեց Իսկանդարյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը չի համագործակցում Արցախի կառավարության հետ, ու դա է նաև պատճառը, որ արցախցիների հիմնական խնդիրները թիրախային չեն հասցեագրվում։
Իսկանդարյանը լավատես չէ, թե առանց հանրային ճնշման ՀՀ կառավարությունը որևէ կերպ կարձագանքի արցախցիների կարիքներին։ Նա հիշեցրեց, որ մայիս-հունիս ամիսներին փողոցային պայքարի արդյունքում էր, որ ՀՀ կառավարությունը որոշակի զիջումների գնաց, փոփոխություններ արեց արցախցիների բնակարանային ապահովման պետական ծրագրում, ինչպես նաև ևս երկու ամսով երկարաձգեց արցախցիներին 40 հազար դրամ տրամադրելու ծրագիրը։
Դրա համար էլ գարնանն արցախցիները մտադիր են փողոցային շարժում սկսել, հանրահավաք անցկացնել, որպեսզի ՀՀ կառավարությանը կարողանան հասցնել արցախցիների խնդիրներն ու դրանց լուծման անհրաժեշտությունը։
Sputnik Արմենիա
