Логотип

ՖԻԴԱՆԸ ԲԱՑԱՀԱՅՏ ԱՍՈՒՄ Է՝ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՆՏՈՒ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հայտարարությունն ապացույցն է այն բանի, որ ՀՀ որևէ իշխանության վարած քաղաքականություն երբևէ այնքան ձեռնտու չի եղել Թուրքիային ու Ադրբեջանին, որքան հիմա է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ մեկնաբանելով Ֆիդանի երեկվա հայտարարությունը։

Թուրքիայի արտգործնախարար ասել է, որ հունիսին Հայաստանում սպասվում են ընտրություններ, կարևոր փուլ է լինելու։ Նա նշել է` հարցումներում տեսնում են, որ Փաշինյանն է առաջատարը։ «Եվ մենք այս գործընթացում (տարածաշրջանային) նրա կատարած կառուցողական դերին իսկապես աջակցում ենք։ Այս գիծն ու կամքը պետք է շարունակվեն»,- ասել է Ֆիդանը։

Թուրքագետն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Թուրքիայում ուշադիր հետևում են Հայաստանում տեղի ունեցող ընտրական գործընթացներին, և 85-86 միլիոնանոց երկրի երկրորդ դեմքը (նա նաև Թուրքիայի հետախուզության պետ է եղել. խմբ․) տիրապետում և անգիր հիշում է Հայաստանում անցկացված սոցհարցումների արդյունքները։ Ֆիդանի այս հայտարարությունը ցույց է տալիս ոչ միայն Հայաստանի ներքին գործերով հետաքրքրություն, այլև միջամտելու կանխատրամադրվածություն։

«Ֆիդանը բացահայտ ասում է, որ պաշտպանում են Նիկոլ Փաշինյանի, իր խոսքերով, կառուցողական մոտեցումը։ Իսկ ո՞րն է Փաշինյանի այդ «կառուցողական մոտեցումը»։ Դա Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ ճանաչելն է, Արարատ սարը մեր սիմվոլիկայից դուրս բերելն է, եկեղեցու դեմ արշավն է, Հայոց ցեղասպանության հարցի անտեսումն է և այսպես շարունակ։ Սրանք թուրքական ձևակերպմամբ կոչվում են կառուցողական քայլեր, և իրենք սատարում են այդ կառուցողական քայլերին»,- ընդգծեց Մելքոնյանը։

Նա հավելեց՝ իր և մասնագիտական տարբեր շրջանակների կողմից այդ քաղաքականությունը ոչ թե կառուցողական է, այլ պարտվողական ու սխալ։ Այն, ինչին սատարում է Հաքան Ֆիդանը, չի կարող համահունչ լինել հայ ժողովրդի շահերին։

«Հաքան Ֆիդանին հայ ժողովրդի շահերի պաշտպան ներկայացնելու համար, մեղմ ասած, պետք է վառ և հիվանդ երևակայություն ունենալ»,- ասաց թուրքագետը։

Նա շեշտեց՝ այս իշխանությունները և նրանց վարած քաղաքականությունը միանշանակ ձեռնտու են Թուրքիային և Ադրբեջանին, և խոսքը ոչ միայն հիմա, այլև անցնող 7 տարիների ընթացքում իրականացվող քաղաքականության մասին է։ Ուստի տրամաբանական է, որ թուրքական իշխանությունները պետք է շահագրգիռ լինեն, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանում շարունակվի։

Այն, թե Ֆիդանի հայտարարությունները հայ հասարակության կողմից ինչպես կընկալվեն, արդյոք զգոնության կոչնակ կդառնան, թե ոչ, թուրքագետն այնքան էլ լավատես չէ։ Վստահ է, որ հենց այսօրվանից գործի է դրվելու իշխանության քարոզչամեքենան, թմբկահարվելու է, թե ընդդիմությունը խեղաթյուրում է Ֆիդանի խոսքերը, դրանք ներկայացվելու են իշխող ուժին ձեռնտու լույսի ներքո, այդ թվում փաթեթավորվելու են այն պնդումով, թե «եթե մենք չընտրվենք, պատերազմ կլինի» և այլն։ Թուրքագետը վստահ է՝ Փաշինյանն ու իշխանական քարոզչամեքենան փորձելու են քողարկել Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքերի հետևում եղած իրական պատկերը՝ ռեյտինգին չվնասելու համար։

«Քանի որ անընդհատ ներկայացվում է, որ պետք է վախենալ բոլորից, պատերազմից, Թուրքիայից, Ադրբեջանից, այդ վախի կոնտեքստում ասվելու է՝ եթե Փաշինյանը չլինի, Հաքան Ֆիդանը չի ողջունի Հայաստանի քաղաքականությունը և կփորձի ինչ-որ քայլեր անել։ Սա նշանակում է պատանդի քաղաքականություն․ Հայաստանը պատանդ է դարձել իր վախերի և թուրքական սպառնալիքների առջև։ Փորձելու են նաև Ֆիդանի հայտարարությունը ներկայացնել այն պոպուլիստական լույսի ներքո, թե Թուրքիան փորձում է կառուցողական հարաբերություններ հաստատել, և խանգարողն այլ ուժեր են, այդ թվում՝ Ռուսաստանը»,- ասաց Մելքոնյանը։

Նա հավելեց՝ Հայաստանում պետական քարոզչությամբ փոխվում է թշնամու ստերեոտիպը․ հասարակության մի հատվածի ներկայացվում է, թե մեր թշնամին ոչ թե Թուրքիան և Ադրբեջանն են, այլ Ռուսաստանը, և հենց այս լույսի ներքո է պետք ընկալել այն, թե ինչպես է ստացվում, որ ռուս լրագրողի, քաղաքական վերլուծաբանի հայտարարությունն այդպես «ցավագին է» ընդունվում, մինչդեռ Թուրքիայից ու Ադրբեջանից հնչող հայտարարությունները հաճախ անտեսվում են։

Թեմային անդրադարձել է նաև քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։ Նա ֆեյսբուքյան էջում գրել է, որ Ֆիդանի վերջին հայտարարությունները բացահայտ քաղաքական ազդակներ են՝ ուղղված Հայաստանի ներքաղաքական դաշտին։

«Թուրքիայի արտգործնախարարը ոչ միայն անդրադառնում է 2026 թվականի ընտրություններին, այլև, հղում անելով սոցիոլոգիական հարցումներին, արձանագրում է, որ Նիկոլ Փաշինյանը «առաջատար է» և աջակցության է արժանանում իր «կառուցողական» քաղաքականության համար։ Սա արդեն ոչ թե արտաքին չեզոք դիտարկում է, այլ հստակ քաղաքական դիրքավորում՝ նախընտրելի սուբյեկտի բացահայտ մատնանշմամբ»,- ընդգծել է Սուրենյանցը։

Քաղաքական վերլուծաբանը հավելել է՝ երբ ռուս լրագրողների հայտարարությունները որակվում են որպես միջամտություն Հայաստանի ինքնիշխանությանը, ձևավորվում է «արտաքին սպառնալիքի» օրակարգ։ Բայց երբ Թուրքիայի արտգործնախարարը բացահայտ խոսում է Հայաստանի ընտրություններից, գնահատում գործող իշխանության վարկանիշն ու ակնարկում քաղաքական գծի շարունակականության անհրաժեշտությունը, այդ միջամտությունը ոչ միայն չի դատապարտվում, այլև կարող է վերածվել ներքաղաքական քարոզչական գործիքի։

Ֆիդանի հայտարարությունները կարող են օգտագործվել իշխանության կողմից՝ հասարակությանը ներշնչելու համար, թե իշխանության փոփոխությունը կհանգեցնի տարածաշրջանային գործընթացների փլուզման և պատերազմի վտանգի աճի։ Սա արդեն ոչ թե դիվանագիտական դիրքորոշում է, այլ ընտրական վախի տեխնոլոգիա։

Sputnik Արմենիա