Логотип

«Պատրաստ լինել Հայաստանում արդարության վերականգնման համար պայքարին». Դավիթ Ղազինյանը հորդորել է Նարեկ Սամսոնյանին դադարեցնել հացադուլը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախկին փոխտնօրեն, «Մեր ձևով» շարժման անդամ Դավիթ Ղազինյանը հորդորել է «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանին դադարեցնել հացադուլը։

Ղազինյանը կոչ է արել հավաքել ուժերը և պատրաստ լինել երկրում օրինականության ու արդարության վերականգնման համար ակտիվ պայքարի։

Ղազինյանի գնահատմամբ՝ Սամսոնյանի, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի և մյուս քաղաքական բանտարկյալների շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանում իրավակարգի վերջնական փլուզման վկայությունն է։

Ըստ նրա՝ քաղաքական իշխանությունն անտեսում է Սահմանադրությունը, օրենքներն ու մարդկային տարրական արժեքները։

«Փաստացի ականատեսն ենք մեկ մարդու կողմից դատական իշխանության ամբողջական ուզուրպացման և փաստացի կազմալուծման», — նշել է նա։

Ղազինյանը ընդդիմադիր գործչին մաղթել է առողջություն ու ամուր կամք՝ ընդգծելով, որ Սամսոնյանը հացադուլի դիմել է ապօրինի ազատազրկման պայմաններում՝ գիտակցելով գործող ընթացակարգերով արդարության հասնելու անհնարինությունը։

AntiFake-ի հիմնադիրներ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել էին երկու ամսով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա՝ փոդքասթի թողարկման ընթացքում հնչեցրած արտահայտությունների պատճառով։ Դատարանը հունվարի 9-ին բավարարել էր նրանց կալանքի ժամկետը ևս 3 ամսով երկարաձգելու միջնորդությունը: Սամսոնյանն այդ նիստին էր հայտնել հացադուլ սկսելու մասին:

Սա Սաղաթելյանի և Սամսոնյանի երկրորդ կալանքն է։ Նրանք 2024-ի գարնանն արդեն երկու ամիս անցկացրել էին անազատության մեջ (մարտի 22-ից մինչև մայիսի 21-ը)։ Այն ժամանակ դատարանը նրանց ազատ էր արձակել գրավի և վարչական հսկողության կիրառմամբ։

Armenia Today