Логотип

«ԲՈԼՈՐ ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՆ ԻՆՁ». ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿԻՆ ՇՈՈՒ Է ՍԱՐՔՈՒՄ ԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻՑ

Չորս հայ գերիների ազատ արձակումը և դրա հետ կապված բոլոր հարցերը շարունակում են հուզել հայ հասարակությանը։ Անշուշտ դրական գնահատելով այն փաստը, որ ծանրագույն փորձություններն անցյալում մնացին գերության մեջ ապօրինի պահվող տասնյակ հայերից գոնե չորսի համար, փորձագիտական և հանրային դիսկուրսում արծարծվում են նաև մի շարք ոչ այնքան միանշանակ հարցեր, որոնք հիմնականում կապված են հայկական իշխանությունների գործողությունների հետ:

ՀՈՒՆՎԱՐԻ 17-ԻՆ ԱՐԴԵՆ ՆԱԽԿԻՆ ԳԵՐԻՆԵՐԻՑ ՄԵԿԻ՝ ՎԻԳԵՆ ԷՈՒԼՋԵՔՉՅԱՆԻ ԿԻՆԸ մի տարօրինակ գրառում էր արել սոցցանցերում. «Բոլոր նրանք, ովքեր քննադատում են ինձ՝ իմ ամուսնու հետ երջանիկ լինելու համար, երբեք չեն սիրել ո՛չ ինձ, ո՛չ էլ իմ ամուսնուն: Ես տեսնում էի, թե ինչպես էին բոլորը տոնում տոները, մինչդեռ մենք քնում էինք՝ բարձերի մեջ լաց լինելով։ Ես ոչ մեկին չէի հարցնում, թե ինչու են նրանք տոնում։ Ինձ համար այսօր ես ու ամուսինս վերածնվել ենք և այսքան տառապանքներից հետո մենք իրավունք ունենք տոնելու այդ իրադարձությունը։

Ես երջանիկ եմ և նաև հույս եմ հայտնում, որ բոլորը կվերադառնան իրենց ընտանիքներ։ Հույս ունեմ, որ ձեր կոշտ խոսքերը չեն ներազդի, որովհետև Վիգենը տեսնում ու կարդում է դրանք…»,- գրել է Լինդա Էուլջեքչյանը։ Եվ հավելել մի նախադասություն, որը լույս է սփռում ասվածի վրա. «Մենք տոնում ենք հանրային վայրում։ Եթե ես չցանկանամ հրապարակել, ինչ-որ մեկը կանի»։

«Քննադատությունը», որին վերաբերում է խոսքը, հավանաբար կապված է իշխող կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից սոցցանցում հրապարակված տեսանյութի հետ։ Կադրում Վիգենն ու Լինդան Սարգսյանի հետ նստած են ռեստորանում՝ առատ սեղանի շուրջ, և չեն թաքցնում ուրախությունն ու երջանկությունը։ Հրապարակման տակ կարելի է կարդալ մեկնաբանություններ, որոնք կշտամբում են ամուսիններին ցուցադրաբար տոնելու համար՝ մինչ Բաքվի բանտերում դեռ տասնյակ հայեր են մնում, որոնց նման տեսանյութերը կարող են վնասել:

Մենք բացարձակապես մտադիր չենք ո՛չ քննադատել, ո՛չ էլ առավելևս, դատապարտել ամուսիններին զգացմունքների հրապարակավ պոռթկման համար. 5 տանջալից տարիներից հետո նրանք լիովին վաստակել են ուրախության իրենց իրավունքը։ Հարցն այստեղ նրանք չեն, այլ այն ցուցադրական էժանագին շոուն, որն այդ ամենից սարքեց Հայկ Սարգսյանը, որին ակնհայտորեն հանձնարարությամբ «կցել» են Էուլջեքչյաններին՝ ցուցադրելու համար այն առանձնահատուկ վերաբերմունքը, որ իբր ցուցաբերում են իշխանությունները լիբանանահայ հայրենադարձ ընտանիքի նկատմամբ։ Ուշադրություն դարձնենք Լինդայի պերճախոս արտահայտությանը. «Եթե ես չցանկանամ հրապարակել, ինչ-որ մեկը կանի»:

Սկզբում պատգամավորը ծաղկեփնջով դիմավորեց Լինդային օդանավակայանում. ի դեպ, Հայաստան գալ նրան ֆինանսապես օգնել է ՀՅԴ-ն, թեև այդ մասին գործնականում չի հաղորդվել: Այնուհետ նկարահանեց և սոցցանցի իր էջում հրապարակեց ամուսնու հետ նրա հանդիպման տեսանյութը, չմտածելով, թե որքանով է բարոյական զուտ անձնական հույզերն ի ցույց դնելը։ Վերջապես, տեղադրեց տեսանյութը ռեստորանից, նույնիսկ հարց չտալով իրեն, թե ինչպես դա կընկալվի հասարակայնության և գերությունից իրենց հարազատների վերադարձին դեռևս սպասող ընտանիքների կողմից:

Ինչպես նաև՝ այն մասին, թե որքանով է տեղին ռեստորանային առատությունը ավելի քան 5 տարի բարդագույն առողջական խնդիրներով տառապող, բանտային սովահարության մատնված, 4 անգամ երկարատև հացադուլ հայտարարած մարդու պարագայում, որն ընդամենը մի քանի ամիս առաջ գանգատվել է, որ իրեն կերակրում են միայն հացով ու թեյով, սաստիկ թուլացել է և չի կարողանում քայլել։

ԱՅՍ ԱՄԵՆԸ, ԲՆԱԿԱՆԱԲԱՐ, ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ՝ ճիշտ այնպես, ինչպես որ, անկասկած, նախկինում նրան ամենևին չեն հետաքրքրել Վիգեն Էուլջեքչյանի բազմաթիվ խնդիրները Բաքվի բանտում։ Նրա նմանների համար կարևորը կուսակցության և անձամբ Նիկոլի հանձնարարությունը ստորաքարշորեն կատարելն է։

Նույն այն Նիկոլի, որն իր հերթին կատարելով հավատարիմ հպատակի պարտքը Ալիևի առջև, գերիների վերադարձի մասին իր առաջին իսկ հաղորդագրության մեջ շտապեց հավաստիացնել, թե նրանք բոլորն էլ, իբր, նորմալ վիճակում են և առողջական խնդիրներ չունեն։ Դա ասվեց այն մարդկանց մասին, որոնք տարիներ շարունակ պահվել են հրեշավոր պայմաններում, ենթարկվել դաժան խոշտանգումների, ծաղրի և ծանակման, նվաստացուցիչ դատական խեղկատակության, և Ալիևի «դատարանի» կողմից դատապարտվել են բազմամյա ազատազրկման։

Իսկ վերջին կես տարում նաև բացարձակապես մեկուսացված են եղել արտաքին աշխարհից, զրկված լինելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով հարազատների հետ որևէ շփումից։

Վերոնշյալը լոկ մեզ հայտնի փաստերն են, որոնց մասին մշտապես շեփորել են իրավապաշտպանները։ Թե ինչերի միջով են իրենք անցել իրականում, գիտեն միայն վերադարձածները և, ընդգծենք, կասկածից վեր է, որ Հայաստանի իշխանությունները խստիվ կարգելեն նրանց պատմել այդ մասին։ Նախ՝ մեզանում արդեն «խաղաղություն» է տիրում Ադրբեջանի հետ, երկրորդ՝ ախր ո՞նց կարելի է ինչ-որ բանում մեղադրել յուզգյար Ալիևին։

Նիկոլից հետո «գոհացուցիչ վիճակի» և վերադարձածների առողջական «լուրջ խնդիրների» բացակայության մասին ուրախությամբ պատմեց առողջապահության նախարարը, սրտաբանական կենտրոնում այցելելով նրանցից ամենատարեցին՝ 70-ամյա Վագիֆ Խաչատրյանին: Հաջորդ օրը բժիշկները հայտնեցին, որ Խաչատրյանի մոտ արձանագրվել է քրոնիկ հիվանդության սրացում, իսկ Սփյուռքի գործերով հանձնակատար Սինանյանը հայտարարեց, որ Վիգեն Էուլջեքչյանն առողջական խնդիրներ ունի և պահանջվում է վիրահատություն:

Բոլոր նրանք, ովքեր նախկինում թեկուզ հպանցիկ առնչվել են ադրբեջանական գերությունից վերադարձած մարդկանց հետ, շատ լավ գիտեն, թե որքան լուրջ ու խորքային են նրանց խնդիրները և ինչ բարդ ռեաբիլիտացիա է անհրաժեշտ նրանց: Ժամանակին Երևանում գործում էր հատուկ Վերականգնողական կենտրոն, որտեղ մարդիկ տարիներ շարունակ ստանում էին անհրաժեշտ բժշկական և, ինչը պակաս կարևոր չէ, հոգեբանական օգնություն: Սակայն նույնիսկ տևական բուժում ստացած նախկին գերիների մոտ տարիներ անց (!) տեղի էին ունենում լուրջ խաթարումներ, որոնք արտահայտվում էին անբացատրելի ագրեսիայով, անհամարժեք գործողություններով՝ ընդհուպ մինչև ինքնասպանության դեպքեր։

ՄԻՆՉԴԵՌ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ ԲՈԼՈՐ ԳԵՐԻՆԵՐԸ ներկայիս իշխանությունների կողմից կանխավ հայտարարվել են «առողջական խնդիրներ չունեցող» և, որքան հայտնի է, հատուկ բուժում չեն անցել։ Թե ինչպես են նրանք ապրում և ինչ խնդիրների բախվում՝ ըստ էության փակ թեմա է, որի մասին խոսել նիկոլական Հայաստանում ընդունված չէ։

Ինչպես որ չի կարելի այսօր խոսել այն մասին, որ հունվարի 14-ին ազատ արձակված բոլոր չորսն էլ եղել են քաղաքացիական անձինք, որոնք գերեվարվել են արդեն հրադադարից հետո։ Եվ որ Ադրբեջանը պարտավոր էր վերադարձնել նրանց ու մնացած բոլորին՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 8-9-ի եռակողմ հայտարարության, չենք խոսում արդեն միջազգային կոնվենցիաներով այդ երկրի պարտավորությունների մասին։ Առավելևս չի կարելի հիշել, որ նրանցից երեքը այն մարդիկ են, որոնց մասին Նիկոլը 2021 թվականի իր նախընտրական քարոզարշավում գոռում էր, թե «ոչինչ, մի քանի ամիս էլ կսպասեն»։

Վերադարձան 5 տարի անց։ Եվ 2020-ին գերեվարվածներից՝ միայն երեքը։ Թե ինչ է սպասվում մնացածին՝ հայտնի չէ, քանի որ Բաքվում արդեն շտապեցին ցրել պատրանքները Ալիևի «մարդասիրության» մասին, հայտարարելով, որ Արցախի առնվազն ռազմաքաղաքական առաջնորդների վերադարձի մասին խոսք անգամ լինել չի կարող։

Եվ, իհարկե, Նիկոլն ու իր թիմակիցները երբեք չեն ընդունի, որ նույն Էուլջեքչյանի ազատ արձակումը ոչ թե ՀՀ իշխանությունների, այլ գլխավորապես հայ-արգենտինական SOAR կազմակերպության միջազգային ճնշման ու ջանքերի արդյունքն է, որոնք ակտիվացվել են հենց նրա ծանր վիճակի մասին լուրերի խորապատկերին։

Եվ էթիկական ու բարոյական նորմերի խախտումով, և արդյունքում սոցցանցերի բազմաթիվ օգտատերերի վրդովմունքն ու քննադատությունը հարուցած ՔՊ պատգամավորի հրապարակած ոչ մի տեսանյութ չի կարող հակառակը համոզել ու թաքցնել վաղուց հայտնի տխուր ու խայտառակ փաստը. ինչպես փաշինյանական ոհմակի, այնպես էլ Ալիևի և Էրդողանի համար հայ գերիները եղել ու մնում են լոկ մանրադրամ և ցինիկ սակարկման առարկա հակահայկական նողկալի խաղերում։